Մի գազանանոցում առյուծին պահում էին այնպիսի նեղ վանդակում, որ կարողանում էր միայն մի կողմի վրա չորս քայլ անել, հետո շուռ գալ և չորս քայլ էլ հետ գալ: Այսպես նա քայլում էր վանդակում օրերով: Այցելուները կարեկցում էին առյուծին և ասում՝ "Ինչքան երջանիկ կլինի նա, եթե ազատության մեջ լինի":
Ժամանակն անցավ, գազանանոցը որոշեցին վերանորոգել և բոլոր կենդանիների համար մեծ և ընդարձակ մետաղավանդակներ պատրաստեցին:
Այնտեղ շատ կանաչ կար, իսկ առյուծի վանդակում՝ նույնիսկ լողավազան: Գազանանոցի աշխատողները մտածում էին, որ երբ առյուծին իր նեղ վանդակից տեղափոխեն այնտեղ, նա շատ կուրախանա: Եվ ահա, երկար սպասված օրը եկավ: Առյուծին մտցրեցին մի շատ նեղ վանդակ, որով տեղափոխեցին իր նոր կացարանը: Նույնիսկ գտնվելով տեղափոխման վանդակի մեջ, առյուծը հնարամտորեն կարողանում էր իր պարտադիր չորս քայլերն անել: Վերջապես նրան բաց թողեցին իր նոր, ընդարձակ վանդակում: Առյուծը նայեց շուրջը, զգուշությամբ քայլ արեց, երկրորդը, երրորդը, չորորդը…Եվ շրջվելով նորից արեց չորս քայլ դեպի հետ:
Նա այդպես էլ չհասկացավ, որ վանդակի ճաղերը, որոնք նախկինում սահմանափակում էին նրա ազատությունը, հիմա գոյություն ունեն միայն իր երևակայության մեջ: Սակայն նրա հիշողության մեջ եղած ճաղերն ավելի ամուր դուրս եկան իրական ճաղերից: Այդպես էլ առյուծը մինչ օրս քայլում է իր ահռելի վանդակում՝ չորս քայլ առաջ և չորս քայլ հետ:
Վահե Ղազարյան