Հարցեր 2013-ի ընտրություններին չմասնակցողներին
Միանգամից ասեմ, որ հարցերս անկեղծ են և պատասխաններ են ակնկալում, այլ ոչ թե հռետորական են և գրված՝ որևէ մեկին նվաստացնելու համար:
1) Ասացեք, խնդրում եմ, բայց անկեղծորեն, որո՞նք են ընտրություններին չմասնակցելու ձեր պատճառները կամ ընտրեք ստորև նշված իմ տարբերականերից.
ա) Սերժ Սարգսյանի հետ մրցակցելն անիմաստ է
բ) այսօրվա ընտրական համակարգի պայմաններում ցանկացած ընտրություն ֆարս է
գ) մեր ծրագրերը խափանվեցին, նոր ծրագրի ժամանակ ու հնարավորություն չկա
դ) կորցրել ենք մեր ընտրազանգվածի մեծ մասը
ե) Ֆինանսների սղություն ենք զգում՝ ընտրապայքարը որակայալ վարելու համար
զ) Այլ տարբերակ
Եթե ընտրում եք առաջին կամ երկրորդ տարբերակը, ապա հարց է ծագում. արդյո՞ք 2008-ին, երբ մասնակցում էիք, մրցակցությունը Սերժ Սարգսյանի հետ չէր, թե՞ ընտրական համակարգն էր ավելի բարենպաստ:
Եթե ընտրում եք, թեկուզ լռակյաց, «գ, դ, ե» տարբերակները, ուրեմն ինչո՞ւ եք մյուս առաջադրվածներին պիտակավորում:
2) Ո՞րն էր խորհրդարանական ընտրություններին ձեր մասնակցության նպատակը:
ա) Հույս ունեիք մեծամասնություն կազմել և նոր կառավարություն ձևավորել,
բ) Չէիք ուզում քվեափակուղու առաջ կանգնեցնել ձեր համակիրներին,
գ) Տրիբուն էր պետք, որ հակառակ կարծիք ներկայացնենք,
դ) ապահովել երկրի խորհրդարանի բնականոն գործունեությունը
Եթե ընտրում եք առաջին տարբերակը, արդյո՞ք այն ժամանակ կարծում էիք, որ ընտրությունները արդար և ազնիվ են լինելու, ընտրական համակարգն էլ ապահովում է ձեր հաղթելու հավասար շանսերը իշխանական կուսակցության հանդեպ: Ի՞նչ փոխվեց 2012-ից 2013-ը: Ընտրական համակարգը փոխվե՞ց, նոր մանիպուլյացիաների մասի՞ն իմացաք:
Ընտրում եք «բ» տարբերա՞կը: Ուրեմն ասացեք, իսկ այսօր ինչո՞ւ եք ձեր ընտրողին կանգնեցրել քվեափակուղու առաջ:
Մյուս տարբերակները ընտրելուց՝ այլ հարցեր չունեմ: Պարզ է:
3) Եթե կարծում եք, որ այսօր ընտրապայքարի մեջ մտածները լեգիտիմացնում են Սերժ Սարգսյանի հնարավոր հաղթանակը, ապա չե՞ք կարծում, որ նման հայտարարություններով դուք լեգիտիմացնում եք նախորդ բոլոր ընտրությունները, որոնք իրականում կեղծվել են ոչ պակաս, քան կարող են կեղծվել 2013-ի ընտրությունները: Կամ էլ, ստացվում է, որ նախորդ ընտրություններին մասնակցելով՝ դուք եք լեգիտիմացրել դրանք:
4) Ինչպե՞ս եք տեսնում ձեր հետագա քաղաքական գործունեությունը: Ի՞նչ քայլեր կարող եք ձեռնարկել, որոնք «մի փուշ կհանեն ժողովրդի մատից», օգուտ կբերեն մեր երկրին:
Սպասելով հարցերիս պատասխաններին…
Ընդունեք հարգանքիս հավաստիքը,
Իզաբելլա Աբգարյան