1804 թ․ հունվարին ռուսական զորքերը գեներալ Ցիցիանովի գլխավորությամբ գրավեցին Գանձակը, իսկ ամռանն ուղղություն վերցրին Արարատյան դաշտ՝ նպատակ ունենալով գրավել Երեւանի բերդը։ Սա ցարական բանակի Երեւանյան առաջին արշավանքն էր։


Հայերը, հավատալով իրենց պետականության վերականգնման շռայլ խոստումներին, մեծապես օգնեցին ռուսական բանակին՝ լեռնացնելով պարսից իշխանությունների ատելությունն ու թշնամանքը։

 



Էջմիածնի միաբանությունը սննդամթերքի հսկայական պաշարներ տրամադրեց պարենի կարիք ունեցող, թիկունքից կտրված ռուսական բանակին։ Ստեղծվեցին հայկական կամավորական հեծյալ խմբեր, որոնք ակտիվորեն ներգրավեցին պատերազմական գործողություններին՝ կռվելով Ցիցիանովի զորաբանակի առաջին շարքերում։

 

 


1804-ի հունիսի 30-ին ռուսները Էջմիածնի մատույցներում ջարդեցին Ֆաթհ Ալի շահի որդու՝ թագաժառանգ Աբաս Միրզայի զորքերին, ապա մոտեցան Երեւանին։ Բերդի պաշարումը տեւեց երկու ամիս՝ հուլիսի 2-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը։ Պարսիկների դիմադրությունը կոտրել չհաջողվեց եւ Ցիցիանովն ստիպված հրամայեց նահանջել Թիֆլիս։ Նահանջի ճանապարհին, սակայն, ռուսները կողոպտեցին Սբ․ Էջմիածինը։

 


Ամենայն Հայոց կաթողիկոս Դանիել Ա Սուրմառեցին (1801-1808) գրում է․ «Եւ այն ինչ մտաք աստ այնպես տապալեալ եւ քայքայեալ, որ տեսողաց ամենից զսոսկումն եւ զդառնադառն կսկիծ եւ մորմոք առ բերեր ի սիրտս»։ Եկեղեցու դռները կոտրված էին, գանձեր գտնելու նպատակով պատ ու հատակ քանդված, շատ բան անարգված ու ջարդուփշուր արված, սուրբ մասունքներն աղբի հետ խառնված։ Ռուսական բանակն ինչ գտել՝ թալանել էր, տարել էր ոչ միայն թանկարժեք իրերը, ոսկեղենն ու արծաթեղենը, այլեւ միաբանների ուտելիքը, հագուստեղենը, նույնիսկ նրանց համեստ կահ-կարասին, ինչպես կաթողիկոսն է գրում, «ոչ ուտելոյ բան էին թողեալ մեզ, ոչ նստելոյ եւ ոչ ագանելոյ»։

 

 


Այս կողոպուտից մի քանի օր անց, Էջմիածին է այցելում Իրանի Ֆաթհ Ալի շահը, որը երեք օր մնալով այնտեղ, ոչ միայն եկեղեցին է կարգի բերում, այլեւ տեսնելով ռուսների հասցրած վնասի չափը՝ հրամայում է, որ կաթողիկոսարանն ու Վաղարշապատն առժամանակ ազատվեն հարկերից։ 

1805 թ․ մարտին, Շիրակը (Շորագյալի սուլթանություն) գրավելուց հետո, Էջմիածին է հասնում գեներալ Նեսվետաեւը։ Նա երեք օր մնում է վանքում։ Մինաս Լազարյանին երկու հայ հոգեւորականների գրած նամակից տեղեկանում ենք, որ գեներալը փնտրում-գտնում է վանքի թաքստոցները․ «բացեալ զամենայն զդրունս ծածուկ սենեկաց սրբոյ Աթոռոյն, ժողովեն զամենայն զօր ինչ գտանի, ուղղ ու ծուծն թալանեն»։ Տանում են ամբողջ զարդեղենը, գոհարեղենը, հոգեւոր արարողությունների սպասքն ու հոգեւորականների թանկարժեք, ոսկեկար հագուստները․․․ Վանքն այսպեսի կողոպուտի վաղուց չէր ենթարկվել։



Գիտե՞ք, որ