1804 թ․ ռուսական զորքերը գեներալ Ցիցիանովի գլխավորությամբ առաջին անգամ մոտեցան Երեւանի բերդին եւ պաշարեցին այն։ Հայերը, հավատալով ռուսների՝ հայկական պետականության վերականգնման խոստումներին, մեծապես օգնեցին ռուսական բանակին՝ լեռնացնելով պարսից իշխանությունների ատելությունն ու հալածանքները։ Էջմիածնի միաբանությունը սննդամթերքի հսկայական պաշարներ տրամադրեց պարենի կարիք ունեցող, թիկունքից կտրված բանակին։ Երեւանի բերդի պաշարումը տեւեց երկու ամիս՝ հուլիսի 2-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը։

 

 

Պարսիկների դիմադրությունը կոտրել չհաջողվեց եւ Ցիցիանովն ստիպված հրամայեց նահանջել Թիֆլիս։ Նահանջի ճանապարհին ռուսները կողոպտեցին Սբ․ Էջմիածինը։ Ամենայն Հայոց կաթողիկոս Դանիել Ա Սուրմառեցին (1801-1808) գրում է․ «Եւ այն ինչ մտաք աստ այնպես տապալեալ եւ քայքայեալ, որ տեսողաց ամենից զսոսկումն եւ զդառնադառն կսկիծ եւ մորմոք առ բերեր ի սիրտս»։ Եկեղեցու դռները կոտրված էին, գանձեր գտնելու նպատակով պատ ու հատակ քանդված, շատ բան անարգված ու ջարդուփշուր արված, սուրբ մասունքներն աղբի հետ խառնված։

 

 

Ռուսական բանակն ինչ գտել՝ թալանել էր, տարել էր ոչ միայն թանկարժեք իրերը, ոսկեղենն ու արծաթեղենը, այլեւ միաբանների ուտելիքը, հագուստեղենը, նույնիսկ նրանց համեստ կահ-կարասին, ինչպես կաթողիկոսն է գրում, «ոչ ուտելոյ բան էին թողեալ մեզ, ոչ նստելոյ եւ ոչ ագանելոյ»։
Այս կողոպուտից մի քանի օր անց, Էջմիածին է այցելում Իրանի Ֆաթհ Ալի շահը, որը երեք օր մնալով, եկեղեցին կարգի է բերում, եւ տեսնելով ռուսների հասցրած վնասի չափերը, հրամայում է, որ կաթողիկոսարանն ու Վաղարշապատը առժամանակ ազատվեն հարկերից։

 

 


1805 թ․ մարտին, Շիրակը գրավելուց հետո, Էջմիածին է հասնում գեներալ Նեսվետաեւը։ Նա երեք օր մնում է վանքում։ Մինաս Լազարյանին երկու հայ հոգեւորականների գրած նամակից տեղեկանում ենք , որ գեներալը փնտրում-գտնում է վանքի թաքստոցները․ «բացեալ զամենայն զդրունս ծածուկ սենեկաց սրբոյ Աթոռոյն, ժողովեն զամենայն զօր ինչ գտանի, ուղղ ու ծուծն թալանեն»։ Տանում են ամբողջ զարդեղենը, գոհարեղենը, հոգեւոր արարողությունների սպասքներն ու հոգեւորականների թանկարժեք, ոսկեկար հագուստները․․․ Հայերը չէին ուզում հավատալ իրենց աչքերին։ Վանքի այսպիսի կողոպուտ նրանք չէին տեսել պատմության ընթացքում։