Ձեզ ենք ներկայացնում մի ծերունու բանաստեղծություն, ով կյանքի վերջին օրերին գտնվում էր ծերանոցում: Նրա մահից հետո բոլորը կարծում էին, թե կյանքից հեռացավ՝ արժեքավոր ոչ մի հետք չթողնելով: Երբ բուժքույրերն սկսեցին հավաքել ու կարգի բերել նրա աղքատիկ ու չնչին իրերը, հանկարծ հետաքրքիր մի բանաստեղծություն գտան, որն ապշեցրեց ծերանոցի աշխատակիցներին իր բովանդակությամբ և իմաստով: Աշխատակցուհիներից մեկն այդ բանաստեղծության պատճենը տարավ Մելբուռն: Այդ օրվանից՝ նրա բանաստեղծությունը հայտնվեց Ծննդյան օրերին լույս տեսնող ամսագրերում և տարածվեց ամբողջ երկրում, տպագրվեց նաև հոգեբանների համար լույս տեսնող ամսագրերում:
Եվ այս ծերունին, որ աղքատ ութշվառ հեռացավ կյանքից՝ Աստծո կողմից մոռացված փոքրիկ ավստրալական քաղաքում, ցնցում է ողջ համացանցը՝ իր հոգու խորությամբ:
Անգլերեն բնագրում բանաստեղծությունը շատ հուզիչ է ու սրտառուչ:

ՔՄԱՀԱՃ ԾԵՐՈՒԿԸ
Բուժքույրեր, ասեք՝ ի՞նչ եք դուք տեսնում ձեր առջև հիմա,
Երբ նայում եք ինձ, ի՞նչ եք մտածում... քմահաճ մի մարդ,
Զառամ մի ծերուկ, խելազուրկ արդեն, վարքով անկայուն,
Չի արձագանքում, երազկոտ աչքով նայու՜մ է, նայու՜մ...

Որ կերակուրն է իր վրա թափում ու ձեզ չի լսում
ՈՒ չի նկատում՝ թե ինչ եք անում կամ ինչ եք ասում...
Խառնում է եղածն ու միշտ կորցնում է կոշիկ ու գուլպա...
Դուք սա՞ եք տեսնում, այսքա՞նը միայն … ու էլ ոչ մի բա՞ն:

Երբ ստիպում եք կերակրելիս կամ լվանալիս,
Ընդդիմանում է թեկուզ երբեմն, բայց թույլ է տալիս:
Սա՞ է ձեր տեսածն, արդյոք, դե ասե՛ք՝ ի՞նչ եք մտածում...
ՈՒրեմն հիմա աչքներդ բացե՛ք. դուք ի՛նձ չեք տեսնում:

Կասեմ՝ ով եմ ես, որ այստեղ նստած՝ լուռ ձեզ եմ նայում,
Լսում եմ, ուտում, ձեր պահանջներն ու կամքն եմ կատարում:
... Տասնամյա մանչուկ, որ երջանիկ է ծնողների հետ,
Եղբայր- քույրերով շրջապատված է սիրով առհավետ...

...Տասնվեցամյա մի երիտասարդ, որ թևեր առած՝
Որոնում է իր սիրած էակին՝ հույզերով վառված...
...Եվ քսանամյա հասակում արդեն՝ խոստումներով լի,
Ձգտում է դեպի իր երկրորդ կեսը՝ թանկ ու սիրելի...

... Իսկ քսանհինգում... հայր եմ, որն ունի փոքրիկ մի որդի,
Եվ շատ եմ զգում կարիքը նրա... որ թանկ է սրտիս...
...Երեսուն արդեն... իսկ փոքրիկ որդիս հասակ է առել,
Եվ իրար կողքի՝ մեկմեկու համար նեցուկ ենք դառել...

...Քառասու՜ն ահա... հեռու են արդեն որդիներս ինձնից...
Բայց սիրած կինս կողքիս է, ինձ հետ՝ թանկ ու կարեկից...
Հիսունում՝ էլի երեխաներ են մեր շուրջը խաղում,
Ելնում ծնկներիս, աշխույժ թռչկոտում, ուրախ ծիծաղում..

…Բայց անցյալում են այդ օրերն արդեն… կինս մահացավ…
Ապագային եմ սարսուռով նայում՝ իմ հոգու մեջ՝ ցավ…
Ցրվեցին բոլոր իմ զավակները՝ թոռնիկներիս հետ…
Հիշում եմ օրերն ու սերն եմ հիշում, որ անցավ հավետ…

Ծեր եմ ես հիմա… դաժան է մեզ հետ կյանքը միշտ վարվում.
Ծաղր է բնության… հիմարի հետ ենք մենք հավասարվում:
Փխրուն մի մարմին՝ տգեղ ու տկար, անուժ ու նկուն:
Ավա՜ղ, քար դարձավ այն, ինչ կրծքիս տակ սիրտ էր բռնկուն:

Բայց ծեր, ավերակ այս կմախքի տակ ապրում է էլի
Նույն ջահել հոգին…ու մաշված սիրտս հույզերով է լի;
Ե՛վ խինդն եմ հիշում, և՛ ցավն եմ հիշում… ամեն, ամեն բան…
Կրկին ու կրկին սիրում, ապրում եմ ես ամեն անգամ:

Տարիներն, ավաղ, թռչում են արագ ու անցյալ դառնում,
Եվ միայն փաստն է մերկ ու անողոք մեր առջև հառնում:
Հավերժ չէ ոչինչ... աչքներդ բացեք ու տեսեք ձեր դեմ
Ո՛չ թե ծերունուն խարխուլ ու զառամ,
Այլ այն, որ... Ե՛Ս եմ:

Անգլերենից թարգմանեց' Խորեն Գասպարյանը