Մաս 1
Ամենաչքնաղ աղջիկը, ում ես կյանքում երբևէ հանդիպել եմ...
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը և Զելդա Սեյրը ծանոթացել են Ալաբամա նահանգի Մոնթգոմերի փոքրիկ քաղաքում՝ 1918 թ.: Այդ հանդիպումը, որը երկուսի կյանքում էլ ճակատագրական դարձավ, տեղի ունեցավ քաղաքի սրճարաններից մեկում: 67-րդ հետևակային վաշտի կրտսեր լեյտենանտ Սքոթ Ֆիցջերալդին այդ սրճարան էր բերել իր ընկերների հետ ևս մեկ երեկո ուրախ անցկացնելու ցանկությունը: Իսկ Զելդան՝ նահանգի առաջին գեղեցկուհին, սովորականի նման զվարճանում էր՝ շրջապատված իր բազմաթիվ երկրպագուներով: Ֆիցջերալդը սիրահարվեց առաջին հայացքից: «Նա ամենաչքնաղ աղջիկն է, ում ես կյանքում երբևէ հանդիպել եմ, հետագայում հիշում էր գրողը: Ես անմիջապես հասկացա, որ նա անպայման պետք է իմը լինի»:

 

 

Ինչ վերաբերում է Զելդային՝ նա այնքան էլ տպավորված չէր առաջին հանդիպումից, բայցևայնպես երիտասարդի մեջ ինչ-որ բան գրավել էր նրա ուշադրությունը և ստիպել մի պահ մոռանալ բոլոր կողմերից շրջապատող սիրահետողների մասին: Իր իսկ խոսքերով՝ նրան այն ժամանակ թվացել էր, թե «մի ոչ երկրային ուժ, ինչ-որ ոգեշունչ հիացմունք էր բխում Սքոթից»: Այդ տարի լրացել էր Զելդա Սեյրի 18-ամյակը: Նա ընտանիքի 6-րդ և վերջին երեխան էր: Զգացմունքային և տպավորվող մայրը հղիության ամիսներին հափշտակված ընթերցում էր գնչուհի Զելդայի մասին վեպը:

 

 

Հենց այդտեղից էլ հայտնվել էր աղջկա հազվագյուտ, արտասովոր անունը: Շրջապատված մոր գուրգուրանքով և հոր փողով, բոլոր տեսակի անախորժություններից պաշտպանված իր ազդեցիկ ազգանունով (աղջկա հայրը նահանգի դատավորն էր)՝ Զելդան վարում էր ոսկի երիտասարդության ներկայացուցչուհուն բնորոշ կենսակերպ՝ զբաղվում էր բալետով, նկարում էր իր հաճույքի համար, իսկ ազատ ժամանակն անց էր կացնում երեկույթներում: Արդեն այդ ժամանակ նա հասկանավ, որ չի ուզում ոչ աշխատել, ոչ էլ ծերանալ:

 

 

Նրան պետք էր մեկը, ով կյանքը տոն կդարձներ, նաև ի վիճակի կլիներ վճարել այդ տոնի համար: Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը, ով 4 տարով մեծ էր Զելդայից, նրանց ծանոթության պահին ոչինչ չուներ, բացի անսահման ձգտումներից և ոգելից խմիչքի հանդեպ թուլությունից: Նրա ուսումն ամենահեղինակավոր համալսարաններից մեկում՝ Փրիստոնում, կիսատ մնաց. նրան վտարեցին: Ապագա գրողի ծնողները լրջորեն մտահոգվել էին իրենց որդու ապագայի համար, բայց ինքը՝ Ֆրենսիսը, միայն ուրախ էր, որ վտարվել է համալսարանից: Փրիստոն նա ընդունվել էր միայն մեկ նպատակով՝ արժանի տեղ զբաղեցնել դպրոցի ֆուտբոլային թիմի խաղացողների շարքում և խաղալ համալսարանական թատրոնում:

 

 

Սակայն որպես մարզիկ՝ նա լրիվ անհույս էր, իսկ թատրոն վերցնում էին միայն գերազանցիկներին, որոնց շարքին Ֆիցջերալդը չէր պատկանում, այդ պատճառով էլ Ֆրենսիսի համար ուսումն անիմաստ էր դարձել: Բացի դրանից՝ նրան արդեն ձանձրացրել էին մեծահարուստների լկտի որդիները, որոնցով լի էր Փրիստոնը: Առանց երկար մտածելու՝ Ֆիցջերալդը որոշեց փախչել բանակ, որպեսզի արագ և հերոսաբար մահանա հանուն հայրենիքի և իրեն ազատի խնդիրներից ու չիրականացած հույսերից: Բայց ռազմաճակատ նա չընկավ, նրան ուղարկեցին ծառայելու Մոնթգոմերի, որի շնորհիվ էլ նրա կյանքում տեղի ունեցավ ավելի խոշոր և ոչ պակաս ավերիչ իրադարձություն, քան պատերազմն է՝ նա հանդիպեց իր մեծ սիրուն:

 

 

 

Արամ Խաչատրյան