Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ և Զելդա Սեյր
(«Ջազի դարաշրջանի» թագավորի ու թագուհու խելահեղ
սիրավեպը)
Մաս 2
«Զելդա ու Սքոթ Ֆիցջերալդները տաքսիով շրջեցին
քաղաքում: Ընդ որում Սքոթը նստել էր ավտոմեքենայի
կտուրին, իսկ Զելդան փռվել էր
կապոտին»:
Իհարկե, Զելդայի ծնողները հասկանում էին, որ Ֆիցջերալդի
նման փեսացուն իրենց դստերը հարմար չէ: Բայց համառ
Սքոթն ու Զելդան կարողացան հասնել իրենց նպատակին:
Ծնողները նրանց ամուսնությանը համաձայնեցին մեկ
պայմանով՝ Ֆրենսիսը պետք է անհապաղ աշխատանք
գտներ: Երջանիկ փեսացուն անմիջապես սլացավ Նյու Յորք
և այնտեղ աշխատանք գտավ քաղաքային երկաթգծին կից
գովազդային գործակալությունում: Հենց այդ ժամանակ էլ նա
փորձեց տպագրել իր առաջին վեպը՝ «Ռոմանտիկ եսասերը»,
բայց ձեռագիրը նրան վերադարձրին՝ նշելով, որ «անմշակ է»:
Սկսնակ գրողի անհաջողություններն ուղեկցվում էին
Զելդային կորցնելու ահագնացող վտանգով: Մոնթգոմերիում
մենակ մնալով, Ֆրենսիսի հետ կապված լինելով միայն
խոստումով և նրանից նվեր ստացած մատանիով՝ Զելդան
շարունակում էր սեթևեթել և սիրային հարաբերություններ
ունենալ այլ տղամարդկանց հետ: Նա իրեն այնքան անկասելի
ու համարձակ էր զգում, որ մի անգամ նույնիսկ որոշեց լրիվ
մերկ լողանալ լողավազանում: Ինչ է որ՝ լողազգեստն
անհարմար էր գեղեցկուհու համար: Նման բան իրեն չէր
կարող թույլ տալ նահանգի ոչ մի այլ աղջիկ, իսկ Զելդան դա
արեց շատ հանգիստ, խորամանկ ժպիտով, ինչով առնվազն
կրկնապատկեց իր երկրպագուների քանակը: Նա չէր
պատրաստվում փոխել իր կենսակերպը՝ հանուն
ամուսնության մշուշոտ հեռանկարի: Բանը հասավ նրան, որ
մի անգամ նա նամակ գրեց իր երկրպագուներից մեկին և
սովորության համաձայն ծրարի վրա նշեց Ֆիցջերալդի
հասցեն: Կատաղած և իր սերը կորցնելու վախով համակված
Ֆիցջերալդը միանգամից սլացավ Զելդայի մոտ և
բացատրություններ պահանջեց: Զելդան ոչ մի
բացատրություն էլ չտվեց և ի պատասխան Սքոթի
հիստերիայի՝ պարզապես մատից հանեց նրա նվիրած
մատանին և շպրտեց նրա երեսին: Ավելի պատկերավոր
պատասխան չէր էլ կարող լինել:
Մերժված Ֆիցջերալդը վերադարձավ Նյու Յորք, բայց չէր
պատրաստվում հանձնվել: Նա ուներ «հույսի հազվագյուտ
շնորհ», որով հետագայում օժտեց իր ամենավառ
կերպարներից մեկին՝ Մեծն Գեթսբիին:
Այդ ժամանակ բարեբախտաբար ճակատագիրն ինքը
միջամտեց Ֆիցջերալդի կյանքին: Նրա վեպը, որը
վերամշակել էր և վերնագիրը
փոխել, վերջապես հասավ
ընթերցողին և մի ակնթարթում
հեղինակին հանրահայտ
դարձրեց: Մեկ շաբաթ անց
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդն ու
Զելդա Սեյրը ամուսնացան:
«Դրախտի մյուս կողմում» նոր
վերնագրով տպագրված վեպի
ամբողջ տպաքանակը գնվեց
երեք օրում: Այսինքն այդ հաջողության պատճառը նույնիսկ
բուն վեպը չէր: Վեպն իրոք վատը չէր, բայց՝ ոչ ավելին: Եվ
այն, որ Նյու Յորքը հենց նույն Ֆիցջերալդի համար
անսպասելիորեն նրան հռչակեց ոչ ավելի, ոչ պակաս՝ նոր
սերնդի մարգարե, ոչ միայն և ոչ այնքան նրա գրական
տաղանդի շնորհիվ էր, որքան ժամանակի պահանջի:
Սկսվում էր ջազի դարաշրջանը: Ընդ որում այդ բառով
առաջին հերթին հասկանում էին փող, հետո՝ սեքս և նոր
միայն՝ երաժշտություն: Հաջողակ խաղացողները
սակարանում մի քանի ժամում միլիոնների կարողություն էին
կուտակում: Դա նրանց համար չէր բացում Հինգերորդ
պողոտայում ապրող հին հարուստների առանձնատների
դռները: Բայց ճիշտն ասած Նյու Յորքում ավելի ուրախ
վայրեր էլ կային, որտեղ գեղեցիկ աղջիկները վարպետորեն
պարում էին ջազի ներքո և ազատամտորեն գլանակներ
ծխում: Միայն թե նոր դարաշրջանի ոգին արտահայտելու
համար չկար համապատասխան հարթակ և մի խելքը գլխին
«դրոշակիր»:
Եվ այդ պահին հայտնվում է Ֆիցջերալդը՝ իր սքանչելի
Զելդայի հետ: Ի տարբերություն հին բոհեմի՝ նրանք տարված
էին «սուրբ արվեստով»: Նրանք խոսում էին հասկանալի
լեզվով, հագնվում էին նորաձև և կարող էին խմել ավելի շատ,
քան ցանկացած գանգստեր: Բա ինչպես էին չառլսթոն
պարում... Թերթերի լրագրողները նրանց կրնկակոխ հետևում
էին և հետաքրքրվում նրանց կարծիքով այնպիսի հարցերով,
որոնցից տիկին ու պարոն Ֆիցջերալդները բացարձակապես
ոչ մի գաղափար չունեին: Բայց դե դրանք դատարկ բաներ
էին: Շատ շուտով նրանք սովորեցին վստահորեն խոսել ամեն
տեսակի հիմարություններ, որոնք անմիջապես ընկալվում էին
որպես հեղինակային կարծիքներ: Թագավորի ու թագուհու ոչ
մի քայլն աննկատ չէր մնում:
«Երեկ երեկոյան ոստիկանները ձերբակալեցին Զելդա
Ֆիցջերալդին՝ քաղաքի շատրվանի ավազանում լողալու
համար, հայտնում էր «Դեյլի Նյուսը»: Այն հարցին, թե ինչպես
էր տիկին Ֆիցջերալդը հայտնվել այդքան անվայել վայրում,
նա պատասխանել էր, որ ինքը շոգում էր և որոշել էր
թարմանալ»:
«Սքոթ Ֆիցջերալդը մերկացել է «Սկանդալներ» ներկայացման
առաջնախաղին: Մեր թղթակցի հետ զրույցում նա իր
արարքը բացատրեց նրանով, որ եկել էր «Սկանդալներ»
ներկայացմանը, բայց ոչ մի սկանդալ էլ չէր տեսել և որոշել էր
ինքն սկանդալ սարքել»:
«Զելդա ու Սքոթ Ֆիցջերալդները տաքսիով շրջեցին
քաղաքում: Ընդ որում Սքոթը նստել էր ավտոմեքենայի
կտուրին, իսկ Զելդան փռվել էր
կապոտին»:
«Կանդե Նաստայի հրավիրած երեկույթին Զելդան հանեց իր
վարտիքը և նվիրեց տանտիրոջը»:
Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը թերևս իրենք էլ չգիտեին:
Պարզապես երկուսն էլ երիտասարդ էին, սիրում էին
հիմարություններ անել և պատկերացում անգամ չունեին, թե
ինչպես կարելի է տնօրինել ճակատագրի այն ընծաները,
որոնք նրանց վրա էին թափվում ասես առատության
եղջյուրից:
Կյանքը պտտվում էր կարուսելի նման: Ճիշտ է՝ երկու տարի
հետո այդ կարուսելը որոշ ժամանակով արգելակվեց՝
Ֆիցջերալդների ընտանիքում երեխա ծնվեց: Դստերն
անվանեցին հոր՝ Ֆրենսիս Սքոթի պատվին՝ Սքոթի: Ծնողների
խելքը բավականացրեց հասկանալու համար, որ նյույորքյան
կյանքն այնքան էլ հարմար չէ նորածնի համար: Եվ նրանք
տեղափոխվեցին Սենտ Փոլ: Այնտեղ՝ լռության ու հանգստի
մեջ Ֆիցջերալդը նորից փորձեց գրել, բայց Զելդան
համառորեն ուշադրություն էր պահանջում:
Մոր դերը նրա համար ձանձրալի էր: Դստեր խնամքը նա
լիովին հանձնեց սպասուհիներին՝ հայտնելով իր միակ
ցանկությունը. «Ուզում եմ, որ Սքոթին մեծանա գեղեցիկ և
հիմար»: Առաջ ընկնելով՝ նկատենք, որ աղջիկը մորը
հուսախաբ չարեց:
Արամ Խաչատրյան