Շանգալի և նրա շուրջ ծավալվող զարգացումները պետք է շարունակեն մնալ աշխարհի ուշադրության կենտրոնում: Արդեն մի քանի ամիս է, ինչ բողոքի և դատապարտման հանրահավաքներին, երթերին ու արշավներին զուգահեռ եզդիներն անցկացնում են լսումներ և քննարկումներ, հանդիպումներ տարբեր մակարդակներում, որոնք կոչված են որոշելու Շանգալի և նրա հավատացյալ եզդի ժողովրդի ներկա և հետագա բախտն ու ճակատագիրը: Լրիվ տեղահանման և բնաջնջման վտանգն ու սպառնալիքը բերել են ազգային կոնսենսուսի մեր ժողովրդի քաղաքական և հասարակական տարբեր հատվածների միջև:

 

 

 

Պահպանելով ձեռք բերված այս միասնական դիմադրությունը, ինչի շնորհիվ Շանգալն ազատագրվում է իսլամիստ ծայրահեղականներից, այնուամենայնիվ, վերջնական որոշում կայացնելուց առաջ հնչում են բազմաբնույթ կարծիքներ և առաջարկներ: Մի բան, սակայն, ակներև է, որ Շանգալի եզդիական ինքնավարության՝ Էզիդխանի ստեղծումը պիտի դարձնել անշրջելի և անխուսափելի պրոցես:

 

 

 

Եթե նման կարգավիճակ չստեղծվի, ապա եզդի ժողովրդի գոյությունը լուրջ վտանգի կենթարկվի: Նախկինում Շանգալի երկրամասում և Շեխանում շուրջ մեկ միլիոն եզդի էր բնակվում, իսկ այս եղեռնից հետո եզդիների թիվն այժմ այնտեղ չի գերազանցում 90 հազարը, մոտավոր տվյալներով 10 հազար եզդիներ սպանվել են, մոտ այդքանն էլ անհայտ կորած են համարվում' չհաշված իսլամիստների կողմից առևանգված կանանց ու աղջիկների: Մնացյալը փախչել են Քուրդիստանի հյուսիս, հարավ և արևմուտք: Դեպի արևմուտք են գաղթել 80 հազար, դեպի հյուսիս' 70 հազար, իսկ դեպի հարավ' ավելի քան կես միլիոն եզդիներ:

 

 


Այժմ մենք' եզդիներս, մեր դաշնակիցների հետ միասնաբար պայքարելով և Շանգալն ազատագրելով, հույս ունենք ինքնավարություն ստեղծել: Այդ կարգավիճակը պետք է երաշխավորվի քրդական քաղաքական շրջանակների և եզդիական հասարակական-քաղաքական ուժերի կողմից: Աշխարհի շատ տարածաշրջաններում կան նման օրինակներ և դրանք ապացուցում են տեղական ժողովրդավարական ինքնակառավարման արդյունավետությունը: Ցանկացած այլ պարագայում փաղստական դարձաձ հարյուր հազարավոր եզդիները պարզապես չեն կարողանա վերադառնալ իրենց հայրենիք, և արդյունքում Շանգալը կդառնա երկրամաս' առանց իր հիմնական էթնիկ տարրի՝ եզդիների...

 

 

 

 

Mraz Azizi