Հունվարին Ամալ Քլունին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի (փաստացի՝ ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման) դատավարության ընթացքում պաշտպանեց Հայաստանի շահը, մեկ այլ տիկին՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Բրյուսելի ռեստորաններից մեկում հանդիպեց «Եվրոպայի հայերը հանուն Հայաստանի բարգավաճման» ՀԿ-ի ակտիվիստների հետ:
Օտարազգի, բայց հմայիչ ու առաքինի արտաքինով Ամալ Քլունին ի պաշտպանություն Հայաստանի և հայ ժողովրդի արդար դատի իր փաստարկված ելույթով արժանացավ համաշխարհային մամուլի ջերմ արձագանքին:
ԲՀԿ-ամերձ լրատվամիջոցների շնորհիվ հնարավորություն ստեղծվեց ծանոթանալ նաև Նաիրա Զուրաբյանի ելույթին, ով ջղաձիգ տոնով և մատ թափ տալով խոսում էր Հայաստանում տիրող բացարձակ անիշխանության, կլանային շահերի, հարկային տեռորի մասին, սպառնում, որ թեև իրենք արյունահեղություն չեն ուզում, բայց եթե իշխանությունները խաղաղ չհեռանան, ապա խաղի կանոնները կփոխվեն, քանզի ամեն ուժ ունի իր հակաուժը…
Եվ ապա, հավաքի գլխավոր մեսիջը, որ բարբառվեց սույն տիկնոջ շուրթերով. «Աշխարհասփյուռ հայերը մեզանից միայն ուզում են իմանալ, թե երբ է ԲՀԿ-ն լինելու իշխանություն, որպեսզի մենք ունենանք հավատ և վստահություն առ Հայաստան»:
Մի կողմ թողնենք, թե որքանով բարոյական է եվրոպական պարաններին հայրենի կեղտոտ սպիտակեղենը փռելու սովորույթը (Վարդան Օսկանյանի ականջն էլ թող կանչի), աշխարհասփյուռ հայությանն էլ թողնենք ինքն իր շուրթերով արտահայտի, թե ինչպիսի Հայաստան է ուզում տեսնել, սակայն իմ համակրանքը վստահաբար շահեց փաստաբան Ամալ Քլունին:
Ինչուի պատասխանը գտնելուն էլ օգնեց մեկ ուրիշ հայտնի կին՝ Մարգարեթ Թետչերը, ով ասել է. «Համեստությունն այսօր շատ բարձր է գնահատվում: Դե, իսկ լկտի պնդերեսությունն ընդհանրապես անգին է»:
Անի Սանոսյան