Բաքվի բռնապետական վարչակարգի և նրա կողմից սնուցվող պանթյուրքիստական շրջանակների հիմնական հակաիրանական քարոզչական կաղապարներից մեկն այն է, որ հյուսիսարևմտյան Իրանում տարածված ատրպատականյան թյուրքերենը (իրենց իսկ քարոզչական եզրաբանությամբ՝ հարավային ադրբեջաներենը) իբր արգելված լեզու է Իսլամական Հանրապետության տարածքում:
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ այդ «արգելված» լեզվով Ատրպատականում հրատարակվում է բավական մեծաթիվ գրականություն, հեռարձակվում ռադիո և հեռուստահաղորդումներ, նույնիսկ հայ-իրանական սահմանային անցակետում աշխատող կամ ծառայող ատրպատականցիները այն ակնհայտորեն գերադասում են պարսկերենից՝ թյուրքերենն ազատ օգտագործելով նաև հայերիս հետ շփումներում:
Իրանի հանդեպ նման «քննադատության» համատեքստում Բաքվի պահվածքը առնվազն զավեշտալի է՝ հատկապես, եթե հաշվի առնելու լինենք Ադրբեջանի կառավարամետ «ANS» հեռուստաընկերության եթերում հենց վերջերս ադրբեջանցի հաղորդավարուհու «կշտամբանքը» թալիշերենով խոսող հյուրի հասցեին, համաձայն որի՝ մայրենի լեզվով խոսող թալիշ երիտասարդը պետք է «իր բերանը մաքրի այդ լեզվից»:
Զարմանալի ոչինչ չկա, որ անկախ իրենց կամքից արհեստածին Ադրբեջանական Հանրապետության կազմում հայտնված թալիշների զայրույթը հարուցած նման վիրավորական խոսքերի հեղինակ հաղորդավարուհին ցայսօր չի ենթարկվել նույնիսկ կարգապահական տույժի, քանի որ մոտ երկու տարի առաջ Ի. Ալիևի աշխատակազմի պատասխանատուներից մեկը թալիշների՝ սեփական լեզվով ռադիոհաղորդումներ ունենալու պահանջին տվել էր ոչ պակաս լկտի պատասխան՝ «գնացեք և ինչքան ուզում եք այդ լեզվով խոսեք ձեր խոհանոցներում»:
Վարդան Ոսկանյան