Խիստ արդիական է, շտապեք քանի դեռ չի լրացել բոլորիս 68 տարեկանը ու գլխիկոր թոշակի չենք գնացել
Փետրվարի 19-ից հետո նախընտրել եմ լռել։ Շատերն են նախընտրել լռել։ Ոչ թե նրա համար, որ համակերպվել եմ իրողության հետ։ Շատերը չեն համակերպվել ու չեն էլ համակերպվելու։ Լռել եմ միայն նրա համար, որ հանկարծ հիմարություն դուրս չտամ, որը անմտորեն, չմտածված, երեխայական շտապողականության ու չարաճճիության պես կվնասի նրան, ինչ տեղի է ունենում այսօր։
Իսկ այսօր կա Րաֆֆի Հովհաննիսյան՝ ուզում ենք մենք, չենք ուզում, հավատում ենք, չենք հավատում, վստահում ենք, չենք վստահում, անկախ այս ամենից՝ այսօր կա Րաֆֆի Հովհաննիսյան։
2008-ին ինձ համար ամենակարևորը «Լևոն Տեր-Պետրոսյանին որպես գործիք ընդունելու» գաղափարն էր։ Գործիքը, իհարկե, այն ժամանակ շատերը «կուվալդա» հասկացան, բայց դա իրենց խնդիրն է։ Գործիք, որը թույլ կտա քո ձեռքերով, քո ջանքերով, քո ցանկությամբ, քո քրտինքով կառուցել քո արժանապատիվ Հայաստանը' քո ու մյուսների երեխաների համար։
Միգուցե շատ բան է փոխվել 2008-ից հետո, չեմ ուզում անիմաստ համեմատությունների լաբիրինթոսի մեջ խճճվել։ Բայց չի փոխվել նվազագույնը' Ազատության հրապարակ ունենալու անհրաժեշտությունը։
Զգուշավորությունը կարևոր է, լոկոմոտիվի առաջից էլ վազել պետք չէ, բա՛յց։
Պիտի հստակեցնել։ Հուսամ մարտի 2-ին Րաֆֆի Հովհաննիսյանից կլսեմ ինձ հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ։ Բաշ Ապարանը, Սարդարապատը, Ղարաքիլիսան, անգամ Խլի Ղարաքիլիսան է կարևոր, բայց այս պահին ես պատմական իրադարձությունների գնահատականներ չէ, որ ակնկալում եմ։
Իհարկե, ժողովուրդն էր ոտքի կանգնել բոլոր այս ճակատամարտերում, օրհասական էր պահը, վերջին բեկորները ունենալ-չունենալու խնդիր էր։ Չեմ կարծում, որ իրավիճակը հիմա այդպիսին չէ։ Բայց ժողովուրդն արդեն արել է իրենը։ Ընտրել է, անվավեր է դարձրել քվեաթերթիկները, հայհոյել է քվեաթերթիկների վրա։ Վերցրել է հինգ հազարանոցները ու չընտրել նրան։ Եթե Բաշ Ապարան ու Սարդարապատ չէ, ապա ինչ է։
Սա փետրվարի 18-ին էր։ Փետրվարի 19-ից ժողովուրդն արդեն ընտրել է Երևանում Ազատության հրապարակը, Գյումրիի Թատերական հրապարակն է ընտրել, Կապանի հրապարակն է ընտրել ու շատ-շատ ուրիշ հրապարակներ։ Ժողովուրդը ընտրություն ունենալու իրավունքն է ընտրել ու այդ իրավունքն իրացնել է պահանջում։ Ազատության ու Թատերական հրապարակներից (ու նաև հրապարակներում) է պահանջում այդ իրավունքը։ Ափսոս, իհարկե, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից առայժմ չի պահանջում, բայց այդ օրն էլ կգա։ Հեռու չէ։
Ո՛չ մի բացատրություն, ո՛չ մի «բայց», ո՛չ մի «գիտեք ինչ» չի համոզելու նրան, այս պահին չի համոզելու։ Ապրելու իրավունքը նրանն է, որոշման իրավունքն էլ է նրանը, իսկ նա ընտրել է ու պահանջում է։ Կրկնում եմ, Հրապարակից է պահանջում։ Հրապարակն է այսօր հաշվետու։
Չնայած այսօրը մեկ առավելություն ունի։ Բոլորն են հաղթող դուրս գալու՝ ոմանք երկրում, ոմանք երկրի սահմաններից դուրս, ոմանք քաղաքական հերթական դիակի տեսքով։
Բայց պիտի անկեղծ լինել այսօր։ Անկեղծ ինքներս մեզ հետ ու գալ ու կանգնել Հրապարակում ու հարթակից ասել՝ ես անկեղծ եմ, ես այսօր այստեղ եմ, ես մնալու եմ այստեղ, ես այսօր ընտրելու իրավունք ունենալու, ձեր ճակատագիրը, ձեր երեխաների ճակատագիրը տնօրինելու իրավունք ունենալու գործիքն եմ։ Եկեք միասին իրացնենք այդ իրավունքը։
Մնացած բոլոր «բայցերը», «գիտեք ինչերը», «եթեները», «հաջորդ դասինները» հետո կքննարկենք, հետո դրանց մասին կխորհենք, երբ լրանա բոլորիս 68-ը։
Մարատ Յավրումյան
Կից նյութն՝ այստեղ: