ԹՇՆԱՄԻՆՆ ԻՆՔՆԱԲԵՐԱԲԱՐ ՉԻ ԱՆՀԵՏԱՆԱ
Դեմոկրատական հայտարարված իշխանության գոյության համար, ամենավտանգավորը՝ ընդդիմության բացակայությունն է: Ընդդիմությունը հենց այնպես, առանց պատճառ չի առաջանում: Որպեսզի ընդդիմություն ծլի, դժգոհության ալիք է պետք և գոնե մի քիչ աղքատություն: Բայց մի քիչ: Երբ այն չափն անցնի' կսկսի գործել, կձգտի փոփոխության: Այդ փոփոխությունն էլ ի վերջո կարող է հանգեցնել՝ հեղափոխության:
Երբ երկիրը ղեկավարում են հարուստները և երկրում աղքատություն է, աղքատները հեղափոխություն են ուզում, որպեսզի պաշտոնների վերաբաշխում կատարվի և իրենք էլ հարստանան:
Հեղափոխությունն այն դեպքն է, երբ սկզբում ասում են՝ իշխանությունը պետք է պատկանի ժողովրդին, իսկ վերջում' որ ժողովուրդը պետք ենթարկվի իշխանությանը:
Իշխանության քննադատությունը դեռ հեղափոխություն չէ: Նույնիսկ իշխանափոխությունը, շատ դեպքերում' հեղափոխություն չէ: Եթե հին իշխանությունը անցյալում խաբել է, պետք է զգուշանալ ոչ թե անցյալից, այլ' նորացվածից, որպեսզի ապագայում չխաբվել:
Ուրեմն, եթե ընդդիմություն չկա՝ իշխանությունը պետք է նրան ստեղծի, եթե արդեն կա՝ պետք է ակտիվացնի, եթե ակտիվ է՝ պետք է նրա գործողություններն ուղղորդի դեպի իշխանափոխության և... կուլ տա:
Այսպիսով' հեղափոխություն հնարավոր է միայն կամ արտաքին ուժեղ միջամտության կամ ներքին ինքնուրույն հնարավորությունների առկայության դեպքում:
Իշխանության մեջ օլիգարխների տգիտությունը այդ հնարավորությունն է, բայց դա իշխանության համար թերություն չէ, և կարող է դառնալ նույնիսկ առավելություն' երբ հեղափոխությունը զոհեր պահանջի:
Հեղափոխությունը բերում է ավերածությունների և այն կարելի է կատարել ցանկացած երկրում, եթե իհարկե նրա տերերն իրենց երկիրն այլևս չեն ափսոսում, և կատարողները նրանք են, ովքեր քաղաքանությամբ զբաղվելու ժամանակ չունեն: Նման հեղափոխության հնարավոր հաղթանակը կարող է ավելի վտանգավոր լինել, քան անհնար թվացող պարտությունը:
Հեղափոխությունն ի զորու է ժողովրդին տալ այն, ինչ խոստանում է, բայց դրա դիմաց նրանից խլել այն ամենը՝ ինչ դեռ մնացել է:
Ստացված վիճակին բնորոշ է, որ կամ օլիգարխները պետք է կործանեն ժողովրդին, կամ ժողովուրդը՝ օլիգարխներին: Եթե ներքին քաղաքականության մեջ դա կարող է ընդամենը մեկնումեկի համար հաղթանակ արձանագրել, ապա ոչ ցանկալի զարգացումների ժամանակ արտաքին քաղաքականության տեսակետից այն կարող է դառնալ վերջնական պարտություն կողմերից միայն մեկի համար: