Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի ներկայությամբ տրվեց ԵՄ-ՀՀ նոր համագործակցության մեկնարկը:
Կսկսվի ԵՄ-ի' ՀՀ-ին աջակցության նոր փաթեթը՝ շուրջ 77.5 մլն եվրո (44 մլրդ դրամ), որն իրենից ներկայացնում է ութ համաձայնագրեր: Վերջիններս կոչված են խթանելու երկկողմ համագործակցության առաջընթացը հիմնական ոլորտներում:
Այս ամենը կարելի է դրական քայլ արձանագրել ԵՏՄ անդամ դառնալու ֆոնին: Շատերը շտապում էին Հայաստանի և ԵՄ-ի համագործակցությունը ավարտված համարել և կանխատեսում էին արևմտյան երկրներից խիստ մեկուսացում: Ճիշտ կլինի' մի փոքր նկարագրենք սույն համագործակցության հիմնական ուղությունները.
Գյուղատնտեսությանը և գյուղական համայնքների զարգացմանը կտրամադրվի 25 մլն եվրո, ինչը կապահովի գյուղատնտեսության արդյունավետ և կայուն զարգացումը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, աջակցելով ֆերմերների ասոցիացիաներին և կոոպերատիվներին, մատչելի դարձնելով սննդի հասանելիությունը:
Տարածքային զարգացման ծրագրով հատկացվելիք 10 մլն եվրոն կուղղվի կոնկրետ նախագծերի (հանրային-մասնավոր համագործակցություն, զբաղվածության ապահովում, աշխատուժի ուսուցում) իրականացմանը՝ Հայաստանի մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:
Կառավարման ոլորտում ԵՄ-ն այժմ հատուկ ուշադրություն է դարձնում հակակոռուպցիոն և քաղաքացիական ծառայության բարեփոխումների միջոցառումներին, որի համար կհատկացվի 21 մլն եվրո:
Սահմանների կառավարմանը և միգրացիային 4 մլն եվրոն կոգտագործվի Հայաստանի և ԵՄ-ի միջև շարժունակության, գործընկերության և մուտքի արտոնագրերի դյուրացմանը:
Երևանի մետրոյի համակարգի վերանորոգման վրա կծախսվի 5 մլն եվրո, իսկ Երևանում ջրամատակարարման ցանցի վերազինմանը' 5.5 մլն եվրո:
ԵՄ-ն կաջակցի նաև միջուկային անվտանգությանը՝ ռադիոակտիվ թափոնների կառավարման կարողությունների ամրապնդման միջոցով' տրամադրելով 1մլն եվրո:
Այսպիսով ակնհայտ է դառնում, որ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության շրջանակները լայն են և սահմանափակվելու միտում չունեն:
Հայկ Համբարձումյան