Ադրբեջանական կողմից իրականացվող սադրիչ գործողությունները և անդադար կրակահերթերը չեն դադարում հայ-ադրբեջանական սահմանին: Ադրբեջանի նման գործելակերպի պատճառով սահմանամերձ բնակավայրերին, որոնք երկրի պաշտպանության ապահովման համար ունեն ստրատեգիական նշանակություն, մեծ նյութական կորուստներ ու վնասներ են հասցվել:
2014թ-ի հուլիս-օգոստոսին ադրբեջանական կրակահերթերի պատճառով հայկական սահմանամերձ համայնքներին պատճառեցին նյութական մեծ վնասներ: Կորուստների և վնասների ազդեցությունը թեթևացնելու համար անհրաժեշտություն առաջացավ մշակել սահմանամերձ համայնքների աջակցության սոցիալական փաթեթ, որը իր մեջ ընդգրկում է տվյալ համայնքների բնակիչների կոմունալ վարձավճարները 50 տոկոսով կրճատում և սահմանամերձ համայնքներին հարկային արտոնությունների ընձեռում:
2015թ-ը նույնպես սկսվեց սահմանային լարվածությամբ և Ադրբեջանի կողմից բազմաթիվ սադրանքներով: Օգոստոսյան մղձավանջից դեռ ուշքի չեկած' սահմանամերձ համայնքների բնակիչները կրկին հայտնվեցին ինտենսիվ կրակահերթի տակ:
Հատկապես վերջին օրերին Տավուշի մարզի բնակավայրերին հակառակորդը մեծ նյութական վնասներ է հասցրել: Այդ իսկ պատճառով վերստին խնդիր առաջացավ, որպեսզի պետությունը փորձի օգնել Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերին:
Այդ խնդիրը իրականացնելու համար վարչապետի հանձնարարությամբ հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Տավուշի մարզի տարածաշրջանում տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով առաջացած վնասները գնահատելու նպատակով ստեղծվելու է հանձնաժողով: Վնասները գնահատելուց հետո արդեն կորոշվեն հետագա անելիքները:
Հույս ունենանք, որ օժանդակությունը շարունակական կլինեն, իսկ այդ համայնքներում իրականացվող ծրագրերը զարգացում կապահովեն:
Հայկ Համբարձումյան