Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը բացահայտ դժգոհել է ՌԴ որդեգրած քաղաքականությունից՝ Իրանի միջուկային հարցի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքում:
Զարիֆը լրագրողների հետ ունեցած մամլո ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Ժնևում Իրան-ԱՄՆ երկկողմ բանակցություններին նաև բացահայտեց ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռիաբկովի հետ կայանալիք հանդիպման թեման, ասելով. «ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ հանդիպման ընթացքում մենք քննարկելու ենք այն քաղաքականության մասին, որը ակնկալում ենք մեր ռուս գործընկերները որդեգրեն այս հարցի շուրջ: Չնայած Իրանն ու Վեցնյակը մինչև մարտ ամիս պիտի քաղաքական համաձայնության սկիզբը արձանագրեն, ըստ երևույթի, այն դիրքորոշումը, որ մեր ռուս գործընկերներն են որդեգրել վերջին շրջանի բանակցությունների ընթացքում հակասում է այն դիրքորոշմանը, որը ԻԻՀ ակնկալում է իր միջուկային միակ գործընկերից:»


ՌԴ վերջին շրջանում Իրանի միջուկային հարցի շուտափույթ կարգավորումը իր շահերի դեմ է համարում ու բանակցությունների թեժ պահերին չեզոք դիրք որդեգրելով բանակցությունները թողնում է առաջացած փակուղում: Այդ մասին ակնարկ էի արել դեկտեմբերի 18-ին հրապարակված վերլուծական հոդվածում  


Հիշեցնեմ, վերջին շրջանում, երբ ՌԴ ու Արևմուտքի հարաբերությունները լարված վիճակ են ստացել, ՌԴ ԱԳՆ դեկտեմբերի վերջին օրը հրապարակած Արևմուտքի դեմ իր սպառնալիք հայտարարության մեջ շեշտել էր, որ եթե Արևմուտքը շարունակի իր ընթացքը, ՌԴ էլ կխոչնդոտի Իրանի միջուկային հարցի ու Սիրիայի շուրջ հավանական որևե համաձայնագրի ձեռքբերումը: Հիշյալ հայտարարությունը բացասական արձագանք գտավ Իրանում: