Պատմական տեսանկյունից' քրիստոնեության ընդունումը ունեցել է, ինչպես բացասական, այնպես էլ' դրական նշանակություն: Բացասականն այն էր, որ քրիստոնեության ընդունումը Հայաստանում իրականացվեց հրի և սրի միջոցով, իսպառ ոչնչացվեցին հեթանոսական մշակույթի գրեթե բոլոր հուշարձանները, թե´ նյութական, թե´ հոգևոր ասպարեզներում: Դրական էր այն առումով, որ Հայոց քրիստոնեական մշակույթը կարողացավ մեկընդմիշտ անջատվել հռոմեական և պարսկական մշակույթից' ձեռք բերելով զարգացման ինքնատիպ ուղի: Քրիստոնեությունը, որդեգրելով հեթանոսական ծիսակարգը, փաստացի դարձավ յուրատեսակ պատվար' ազգային գենոտիպի պահպանման գործում:

 

 


Միջնադարում' պետականության կորստից հետո, Հայությունը իր գոյությունը պահպանեց' որպես հոգևոր ամբողջություն' Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հոտ: Այսինքն'միջնադարում ազգ ասելով հասկանում էինք առաքելական եկեղեցու հետևորդ: Նոր ժամանակներում Հայությունը այլևս չէր կարող ընկալվել զուտ կրոնական համայնք, ուստի պատմական անխուսափելիություն էր «ազգ = եկեղեցի» բանաձևի փոխարինումը' «ազգ=պետություն» բանաձևի հետ: Սակայն միևնույն ժամանակ այն շարունակելու էր մնալ Հայության հոգևոր կյանքը առաջնորդող ուժ:

 

 


Մեր օրերում շատ է խոսվում Հայ Առաքելական եկեղեցու դերի և նշանակության մասին Հայ իրականության մեջ: Կառանձնացնեի երեք հանգամանք.
1. Հայ Առաքելական եկեղեցին փաստացի այն կարևորագույն կառույցներից է, որ կապում է Հայության տարբեր հատվածներին իրար հետ, ունի ցանցային բնույթ, կարող է նպաստել աշխարհասփյուռ Հայության ներգրավմանը պետության զարգացման ու հզորացման գործում, և ուղղակի անհեռատեսություն է հաշվի չառնել այդ հանգամանքը:

 


2. Հայ Առաքելական եկեղեցին, օգտագործելով իր հեղինակությունը կարող է և պետք է հանդիսանա Հայության հոգևոր կյանքի կազմակերպիչը և առաջնորդը: Զրոյից ինչ-որ բաներ սկսելու փոխարեն, մենք ունենք պատմականորեն քիչ թե շատ կայացած կառույց, որ պետության հետ միասին Հայության համար կունենա ուղենշային նշանակություն:

 


3. Միաժամանակ, մերօրյա հայկական իրականության մեջ եկեղեցին փաստացի ամբողջությամբ կապված է պետության հետ, ունի վերջինիս բնորոշ համակարգային խնդիրները և ենթակա է նույնպիսի փոփոխությունների, ինչպես առաջնորդների տեսքով, այնպես էլ ծրագրերի և քաղաքականության մեջ:
Հ. Գ. Շատ կցանկանայի, որ վերոնշյալը կարդացողները ուշադիր լինեին արտահայտված մտքերի էության նկատմամբ'փորձելով դուրս գալ իրենց կրոնական գաղափարների կամ դրանց բացակայության ազդեցության տակից:

 

 


Լևոն Ստեփանյան