Քրիստափոր Միքայելյա՜ն, մեր Քրիստափորը... Երբեք չպետք է մոռանամ աշնանային այն օրը, 1900 թվականը, երբ նա ինձ այցելության եկավ՝ "Pro Armenia"-ի հրատարակությունից մի քանի ամիս առաջ, եւ մենք առաջին անգամ հանդիպեցինք իրար՝ Բուրգունդիայի մի փոքրիկ գյուղում: Թեեւ անծանոթ՝ իր առաջին խոսքերից եւ առաջին հայացքից, նա տիրաբար իշխեց իր խոսակցին: Այդ փոքրիկ, թուլակազմ մարդը, շփոթ քայլվածքով, որ հակառակ իր ալեխառն մազերին՝ դեռ տարիքավոր չէր եւ պահպանել էր մանկական աչքերի հստակությունը, խոսում էր մի ձայնով՝ միաժամանակ մեղմ եւ խռպոտ, համոզիչ եւ հրամայական: Նրա դժգույն կերպարանքը, հյուծված երկար, անանձնական տառապանքից, ցավագնորեն հայտնում էր, որ նա զգացել ու կրել է իր հալածական եւ մարտիրոսացած բոլոր եղբայրների տանջանքները եւ, որ նա արյուն էր թորել բոլոր նրանց վերքերով եւ լացել նրանց արցունքով:
Սակայն այդ դեմքը ասում էր եւ այն, որ ինքը նրանցից չէ, որ ընկճվում են տանջանքի առջեւ, եւ յուրայինների դեմ գործած ամեն մի ոճիր արծարծում էր նրա մեջ հաստատուն վճիռ՝ բնավ չենթարկվելու դառն ճակատագրին եւ պատրաստել ավելի լավ օրեր՝ տրամադրելի բոլոր միջոցներով, սկսած ամենախաղաղամիտ եւ խորաթափանց բանականությունից մինչեւ անխուսափելի բռնադատումը, երբ այլեւս չկա ուրիշ միջոց: Եւ այնտեղ, խաղաղ հովտի բարձրության վրա, ուր երեկոյան մութը իջնում էր եղեւնու անտառների եւ արդեն թափուր դաշտերի վրա՝ Միքայելյանի հոգին դրոշմվեց իմ մեջ: Ու այնուհետեւ՝ մոտիկ լիներ նա թե հեռու, ես հայկական դատի վերաբերյալ ոչինչ չեմ ասել, ոչինչ չեմ գրել, ոչինչ չեմ արել, առանց հարցնելու ինքս ինձ, թե ինչ կմտածեր նա՝ ա՛յս խոսքի, ա՛յս նախադասության, ա՛յս արարքի մասին...