Այս պատմությունը տատիկս է պատմել, տատիկիս էլ՝ իր Մարիամ տատը: Մարիամ տատը ծնվել եւ մեծացել է Սասնա չքնաղ լեռնաշխարհում, տոհմիկ, բազմանդամ մի ընտանիքում: Հարս է գնացել իր հայրական ընտանիքի նման մեծ ընտանիք: Մովսես ամուսնու հետ երազել է շատ զավակներ ունենալ: Ավաղ, առաջնեկը դեռ մեկ տարեկան էր, երբ արհավիրքը կտրեց Մարիամ տատի երազանքի թելը: Կոտորած, ավեր, ահասարսուռ տեսարաններ: Երկու բազմանդամ ընտանիքից հրաշքով ողջ մնացած Մարիամը, մեկ տարեկան որդուն կրծքին սեղմած, խելակորույս փախչում է' չիմանալով, թե ուր: Թափառական, հալածական գաղթականների խմբերը ցիրուցան են լինում աշխարհով մեկ: Մի որբ տղա գաղթի ճամփին սրտաճմլիկ լալիս է.
Որբ տղա եմ գաղթի ճամփան չգիտեմ,
Վախենում եմ սմբակների տակ ընկնեմ,
Դեռ փոքր եմ, ճամփեքին մոլորվել եմ,
Ինձ էլ տարեք' սմբակների տակ կընկնեմ…
Եվ ահա հեռվից դեպի գաղթականներն են սլանում մի խումբ ձիավորներ: Նրանց առաջնորդում է ճերմակ ձիավորը, ամբոխը քարանում է մի պահ, ապա լսվում են փրկության ճիչեր. «Սպիտակ ձիավոր, Անդրանիկ Զորավարը, Անդրանիկ Փաշան»: Զորավարը մոտենում է ժողովրդին, հուսադրում, հանգստացնում է նրանց: Հանկարծ նկատում է ոտաբոբիկ Մարիամին' երեխային կրծքին սեղմած, դողահար… Մոտենում է, գրկից առնում մանկանը, դնում ձիու գավակին ու հրամայում բոլորին հետեւելու իրեն: Գաղթականներին տեղ հասցնելուց հետո Զորավարը երեխային հանձնում է մորը: Խուրջինից հանում է մի մկրատ, տալիս է նրան եւ պատվիրում. «Երբ տեղ հասնես, այս մկրատը կդնես երեխայի բարձի տակ»:
Նրանք անվնաս տեղ են հասնում, հանգրվանում Թալինի լեռնային մի գյուղում: Մարիամ տատը սրբորեն կատարում է Զորավարի պատգամը՝ մկրատը միշտ տղայի բարձի տակ պահելով: Տղան մեծացավ, առնական տղամարդ դարձավ, յոթ արու զավակի հայր: Մարիամ տատը մկրատը հերթով դրեց բոլոր թոռների բարձի տակ՝ համոզված, որ Զորավարի մկրատն ու տված պատգամը մեծ խորհուրդ ունեն:
Երբ թոռները մեծացան, տատը մկրատը փաթաթեց սպիտակ մաքուր սրբիչով եւ տեղավորեց երկաթե սնդուկում: Ամեն անգամ բացում էր սնդուկը, սրբապատկերի նման շոյում էր մկրատը, զգուշորեն նայում շուրջը եւ մրմնջում. «Մըռնիմ քըզի, սպիտակ ձիավոր: Դու արեւի նման արդար ես, Զորավար»:
Տատիս' Նադյայի պատմածից հետո, քուն, թե արթուն, միշտ տեսնում եմ հրեղեն ձիավորին եւ ուզում եմ, շատ եմ ուզում նմանվել նրան: Սիրելի Զորավար, խոստանում եմ քո նվիրած մկրատի խորհրդին ու պատգամին արժանի լինել: Մի առիթով դու ասել ես' «գործս կիսատ մնաց»: Հավատա, Զորավար, քո գործը կիսատ չի մնա, քանի դեռ ես ու ինձ նման մանուկները կան, քանի դեռ հայը կա: Երազում եմ' ես էլ մի օր շրջեմ իմ պապերի երկրում, իսկ իմ տատիկը ոչ թե Մարիամ տատի պես գաղտնի մրմնջա, այլ հպարտ ու բարձրաձայն ի լուր աշխարհի բացականչի. «Մըռնիմ քըզի, սպիտակ ձիավոր»»:
…Փետրվարի 25-ին լրացավ մեծ Զորավար, հայոց ազատամարտի անվեհեր արծիվ Անդրանիկ Օզանյանի ծննդյան 148- ամյակը, ինչի առիթով Զորավարի թանգարանի տնօրինությունը հայտարարել էր շարադրությունների մրցույթ, որին մասնակցեց եւ առաջին մրցանակին արժանացավ թիվ 156 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Ռոբերտ Հարությունյանը: Նա գրի առավ սերնդեսերունդ փոխանցված եւ իրենց հասած մկրատի պատմությունը, որ Նադյա տատիկից է լսել:
Կից նյութն՝ այստեղ: