Ուրբաթ օրը տեղի ունեցավ «Ժառանգության» հրավիրած հանրահավաքը, կամ ինչպես իրենք են ասում' քաղաքացիական ժողովը: Իհարկե եթե շատ մարդ հավաքեին, կասեին' հուժկու հանրահավաքը…Վանաձորի և Գյումրիի «հանրահավաքների» մասին լավ կլինի ընդհանրապես չխոսենք..


Ես մշտապես խոսել եմ Ր.Հովհաննիսյանի, «Ժառանգության» կարգավիճակի մասին եռյակում, այն քամահարանքի ու անլուրջ մոտեցման մասին, որ զգացվում է այդ եռամիասնության մեջ: Հիմա այդ վերաբերմունքն այս չհաջողված հանրահավաքից հետո ավելի ակնհայտ կլինի ու ավելի ցուցադրական…


Րաֆֆիի ինչի՞ն էր պետք այս աննպատակ, գրեթե ոչինչ չասող 100-200 հոգիանոց հանրահավաքը, նա չգիտե՞ր իր հնարավորությունները, ի՞նչ է նա մազոխիստ է, ինքնաձաղկող, թե՞ անինքնասեր…Եթե մեսիջ էր պետք հանրությանը, եռագլխի մյուս երկու գլուխներին, ապա բավական էր մամուլի ասուլիս անցկացնել… Եվ ինչ, եռյակի անցկացրած երկու հանրահավաքներից հետո այս կարգավիճակը «Ժառանգությունը» չէ՞ր կանխատեսում…Եթե այո, ապա ի՞նչ էր իրենց ուզածը, ցույց տալ որ համակիրներ չունե՞ն, որ անընդունա՞կ են հավաքել ժողովրդին…Սա քաղաքական ուժի ակնհայտ ձախողման, ինքնասպանության, ինքնացուցադրման, ինքնաձաղկման, նահատակության նման մի բան էր: Ժառանգականները ցույց տվեցին, որ իրենք շատ քիչ են տարբերվում եռյակին միացած Գառնիկ Իսագուլյանի, Արամ Հարությունյանի և մյուս մի քանի հոգիանոց կուսակցություններից: Ցավում եմ այդ կուսակցության համար, ցավում եմ, որ այդքան հեղինակազրկվեցին:


«Եռանկյունի» ֆիլմի հերոսներից' Գասպարի խեղդվելուց փրկվելու դրվագը հիշում ե՞ք…Ես «Ժառանգությանը» սկսեցի ավելի խղճահարությամբ, ներողամտությամբ և ըմբռնումով վերաբերվել: Ցավալի է, բայց փաստ է…Իսկ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը ինչպես և սպասվում էր արհամարեցին ժառանգականներին և ոչ մեկը' գոնե ձևական, ցուցադրական հարկ չհամարեց ներկա գտնվել հանրահավաքին: Սա ապտակ էր Ր. Հովհաննիսյանին, ապտակ էր «Ժառանգությանն» առհասարակ…


Սա մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Րաֆիի այն ժամանակ հավաքած ձայները իրենը չէր, «Ժառանգությանը» չէր, այլ այդ մարդիկ դժգոհ էին իշխանություններում ծվարած, տաքուկ տեղավորված կաշառակերներից, պաշտոնը, քաղաքական-հասարակական դիրքը չարաշահողներից, գռփողներից, չինովնիկների կամայականություններից առհասարակ…


Ի՞նչ է մնում «Ժառանգությանը»…Կամ մնալ և ուշադիր, «նվիրումով» հետևել Ծառուկյանի և Լ.Տեր-Պետրոսյանի ձեռքի շարժումներին, կամ արժանապատվորեն խզել և հանդես գալ որպես ինքնություն խաղացող: Բայց լուրջ, մանրակրկիտ, օբյեկտիվ, խելացի վերլուծել իրավիճակը, ամրացնել մարզային կառույցները, համախմբել «Ժառանգության» ողջ ինտելեկտուալ ներուժը, համակիրներին ու քաղաքացիական ունակ ուժերին…Այդքան քաջություն ու կարողություն կունենա՞ Ր. Հովհաննիսյանը: Կասկածում եմ…

 

 

Ռոբերտ Մելքոնյան