Թե երբ եւ ինչպես ոչնչացվեց հայոց նախաքրիստոնեական մշակույթը՝ բոլորիս է հայտնի: Սակայն Գառնին չխոնարհվեց եւ մինչ օրս չկա այն հարցի վերջական պատասխանը , թե տաճարն ինչպես կանգուն մնաց: Ոմանք հարցի պատասխանը որոնում են Գառնիի վեհության ու գեղեցկության մեջ, բայց դա թույլ եւ թյուր կարծիք է, քանի որ Հայաստանում եղել են ավելի մեծ ու հոյակերտ տաճարներ՝ Արամազդի (Դարանաղի Անի), Անահիտի (Եկեղյաց Երիզա), Վահագնի (Տարոնի Աշտիշատ) մեհյանները, որոնք մեկը մյուսի հետեւից ավերվել են Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ արքայի հրամանով: Ուսումնասիրողներից ոմանք գտնում են, որ տաճարը չքանդելը պայմանավորված էր արքայի քրոջ՝ Խոսրովդուխտի, Գառնիի նկատմամբ ունեցած բացառիկ հետաքրքրությամբ: Խոսրովդուխտն այստեղ էր անցկացնում իր ամառային հանգիստը: Հայտնի է նաեւ, որ Աշխեն թագուհին ու Խոսրովդուխտն այստեղ են ավարտել իրենց երկրային կյանքը:

 

 


Այնուամենայնիվ գոյություն ունի տաճարի պահպանման եւս մեկ լուրջ վարկած, որը մինչ օրս չի ուսումնասիրվել ու մեկնաբանվել: 298 թ. Մծբինում, Հռոմի եւ Պարսկաստանի միջեւ, ստորագրվեց 40-ամյա հաշտության պայմանագիր: Հայաստանի դաշնակից Հռոմը Մեծ Հայքում ռազմական հենակետեր տեղակայեց, զորամասերից մեկն էլ հաստատվեց Գառնիում: Որ հռոմեացիներն այստեղ զոհեր են մատուցել ու աղոթել, կասկածի տեղիք չի տալիս, քանի որ հեթանոսության շրջանում աստվածները նույնացվում էին: 301թ. պետականորեն քրիստոնեություն ընդունած Հայաստանի համար Հռոմի հետ բախումը ցանկալի չէր, մանավանդ հզոր ախոյանի' Սասանյանների հետ պահպանվող անվստահության ու թշնամության պայմաններում: Գառնի մտնել ու տաճարն ավերել՝ նշանակում էր բացահայտ վիրավորանք ու դաշինքի խզում Հռոմի հետ: Առանց այդ էլ վերջինս հաշտ աչքով չէր նայում քրիստոնյա դարձած դաշնակցին: Այնուամենայնիվ, Հռոմի հետ բախումից խուսափել չհաջողվեց. Նրանց լեգեոնները շուտով ներխուժեցին Մեծ Հայք:

 

 

 

Հույն նշանավոր աստվածաբան, եկեղեցական պատմության հայրը համարվող Եվսեբիոս Կեսարացին (շուրջ 260 - 340 թթ.) գրում է . «Կայսր Մաքսիմիանոս Դայան (305-313թթ.) պատերազմ հայտարարեց հայերին, որոնք ի սկզբանե բարեկամ էին Հռոմին: Եւ որովհետեւ նրանք քրիստոնյա էին եւ ջերմեռանդ պաշտում էին Աստծուն, ուստի աստվածատյացը ջանաց նրանց բռնությամբ ստիպել, որ դառնան կուռքերի պաշտամունքին: Արդ՝ նա հենց իր բանակի հետ հայերի դեմ պատերազմելիս ջախջախվեց»:
Թե ինչու այդ օրերին եւ դրանից հետո տաճարը չքանդեցին՝ աղբյուրները լռում են, լռության մեջ թաղելով նաեւ մեզ հուզող հարցի պատասխանը:

Արշալույս Զուրաբյան