Խրախճանքը շարունակվում էր: Համալսարանը ավարտելու առիթով երիտասարդները խրախճանք էին կազմակերպել: Ամեն մեկը մտածում էր, թե ի՞նչ նվեր պիտի ստանա: Ոմանք ակնկալում էին մեքենայի բանալին, ոմանք՝ դրամ և նմանատիպ այլ նվերներ: Նրանց մեջ էր նաև Ստեփանը: Տուն գնալու ճանապարհին նա մտածում էր, թե ծնողները ի՞նչ նվեր պիտի տան՝ խոշոր գումար թե մեքենա: Բայց կարո՞ղ է չնվիրեն: Չէ՞ որ հայրը քրիստոնեական խրատներով նրան բազմիցս հորդորել էր զերծ մնալ ավելորդ գայթակղություններից և բավարարվել ունեցածով: Սակայն դա մի պահ էր, նա վստահ էր, որ ծնողները անպայման անակնկալ կմատուցեն ու ընկերների մոտ ամոթով չի մնա: Դռան զանգը տվեց ու տուն մտավ: Չէր սխալվել, նրան ընդառաջ եկավ հայրը և ասաց.
– Սիրելի Ստեփան, սրտանց շնորհավորում ենք քեզ այս սպասված օրվա առթիվ:
Որպես նվեր ընդունիր մեզանից այս փաթեթը; Բացի’ր և ինքդ տե’ս, թե ի՞նչ կա ներսում, ասաց հայրը: Հուզմունքից դողացող Ստեփանի ձեռքերում նվերը քանիցս շուռ ու մուռ եկավ, ապա բացվեց: Փաթեթի մեջ փայլում էր մի խաչ: Նրան թվաց, թե ծնողները իրեն ծաղրում են: Չափից ավելի բարկացած, նա վերցրեց խաչը, սեղմեց ափում և մոլեգնած մի կողմ նետեց: Լսվեց խուլ զնգոց, կարծես այն կոտրվեց: Ստեփանը չարացած հայացքով նայում էր ծնողներին: Խեղճ ծնողներ, նրանք փորձում էին իրենց հայացքները փախցնել ամբարտավան որդուց: Հաջորդ րոպեին նրանք նետվեցին դեպի խաչը:
– Տեսնում եմ, թե որքանո՞վ ես յուրացրել տարիների ուսումդ,- իրեն զսպելով խոսեց հայրը,- որքանո՞վ ես հարգում բարոյական արժեքն ու սրբությունը, որտեղ նույնիսկ թաքնված է քո ողորմելի երջանկությունը: Մոտեցի’ր, խաչը բարեբախտաբար չի կոտրվել, այն բացվել է, որովհետև այն իրենից գեղեցիկ և օրհնված տուփ է ներկայացնում, այնինչ նվերը՝ մեքենայի բանալին միջից ընկել է հատակին: Սակայն խաչաձև տուփը գեղեցիկ լինելուց յուրահատուկ է նաև նրանով, որ ինձ համար բացահայտեց որդուս արժանիքը:
Հայրական նախատինքի ամեն մի հնչյուն արձագանքեց Ստեփանի հոգում և ցնցեց նրան: Մնում էր հեկեկալով փլվել ծնկների վրա: Միայն չգիտեր նախ ներում պիտի հայցեր խաչն անարգելո՞ւ, թե՞՝ ծնողներին վիրավորելու համար:
Վահե Ղազարյան