Այս պատմությունը ցույց է տալիս, թե որքանով են մեր երիտասարդները կապված նյութին, ժամանակավորին ու անցողիկին: Իսկ ո՞ւր է հավիտենականը և արժեքավորը: Ո՞րն է մեզ համար կարևորը՝ խա՞չը, Խաչյա՞լը, Հարուցյալ Քրիստո՞սը, թե՞… Կարդացե’ք այս պատմությունը և կստանաք սրա պատասխանը:

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆՎԵՐԸ
ՍԱՄՎԵԼ ՍԱՐԿԱՎԱԳ ՍԱՖԱՐՅԱՆ

Ուրախ և աղմկոտ երեկո էր: Խրախճանքը շարունակվում էր: Շրջանավարտները տոնում էին իրենց չարչարանքի արդյունքը: Ավարտել էին համալսարանը, և ամեն մեկը մտածում էր, թե ի՞նչ նվեր պիտի ստանա: Ոմանք ակնկալում էին մեքենայի բանալին, ոմանք՝ շրջագայության տոմս, դրամագլուխ և նմանատիպ այլ նվերներ: Կարծես թե տղաների միջև լուռ մրցակցություն էր սկսել, թե ո՞վ և ի՞նչ տեսակ նվեր պիտի ստանար: Դրանց մեջ էր նաև Ստեփանը: Տուն գնալու ճանապարհին նա մտածում էր, թե ծնողները իրեն ի՞նչ նվեր պիտի տան: Հնարավո՞ր է, որ հանկարծ նրանք խոշոր դրամագլուխ կամ ավտոմեքենա չդնեն իր տրամադրության տակ: Իր համար ամոթ պիտի լինի ընկերների մոտ, եթե դա չլինի; Չէ՞ որ հայրը բարոյական և քրիստոնեական խրատներով նրան բազմիցս հորդորել էր զերծ մնալ ավելորդ գայթակղություններից և բավարարվել ունեցածով: Սակայն դա մի պահ էր, նա իր երևակայությամբ վստահ էր, որ ծնողները անպայման իրեն անակնկալ կմատուցեն: Այս մտածումներով և տրամադրությամբ նա դռան զանգը խփեց ու տուն մտավ: Չէր սխալվել, նրան ընդառաջ եկավ հայրը և ասաց.

- Սիրելի Ստեփան, սրտանց շնորհավորում ենք քեզ այս սպասված օրվա առթիվ: Որպես նվեր ընդունիր մեզանից այս փաթեթը: Բացի’ր և ինքդ տե’ս, թե ի՞նչ կա ներսում, - ասաց հայրը՝ փաթեթը հանձնելով որդուն:

Հուզմունքից դողացող Ստեփանի ձեռքերում նվերը քանիցս շուռ ու մուռ եկավ, ապա բացվեց: Փաթեթի մեջ փայլում էր մի խաչ: Նրան թվաց, թե ծնողները իրեն ծաղրում են: Չափից ավելի բարկացած, նա վերցրեց խաչը, սեղմեց ափում և մոլեգնած մի կողմ նետեց այն:

Լսվեց խուլ մի զնգոց, կարծես այն կոտրվեց հատակին ընկնելով: Իսկ Ստեփանը չարացած հայացքով նայում էր իր ծնողներին: Խեղճ ծնողներ, նրանք փորձում էին իրենց հայացքները փախցնել՝ խուսափելու համար ամբարտավան որդու նայվածքից: Հաջորդ րոպեին նրանք նետվեցին դեպի խաչը:

- Տեսնում եմ, թե որքանով ես յուրացրել տարիների ուսումդ,- իրեն զսպելով խոսեց հայրը,- որքանով ես հարգում բարոյական արժեքն ու սրբությունը, որտեղ նույնիսկ թաքնված է քո ողորմելի երջանկությունը: Մոտեցի’ր, խաչը բարեբախտաբար չի կոտրվել, այն բացվել է, որովհետև այն իրենից գեղեցիկ և օրհնված տուփ է ներկայացնում, այնինչ նվերը՝ մեքենայի բանալին միջից ընկել է հատակին: Սակայն խաչաձև տուփը գեղեցիկ լինելուց յուրահատուկ է նաև նրանով, որ ինձ համար բացահայտեց որդուս արժանիքը:

Հայրական նախատինքի ամեն մի հնչյուն արձագանքեց Ստեփանի հոգում և ցնցեց նրան: Մնում էր հեկեկալով փլվել ծնկների վրա: Միայն չգիտեր նախ ներում պիտի հայցեր խաչն անարգելո՞ւ, թե՞՝ ծնողներին վիրավորելու համար: Իսկ դուք ի՞նչ եք կարծում:

Պատրաստեց՝ Տ. Հովսեփ Ա. Քահանա Հակոբյանը