ՊԱՏՄՈՒՄ Է ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵՆ

Րաֆֆին վախկոտ մարդ չէր, ընդհակառակը, նրա կյանքի անցյալը լիքն էր վտանգավոր արկածներով: Նա մեն-մենակ շատ անգամ էր ճանապարհորդել Պարսկաստանի խորքերում և պատահել էր, որ գիշերները ընկել էր ավազակների բները և ազատվել: Այսպես, նա պատմում էր, որ մի անգամ, առևտրական գործերով ճանապարհորդելիս, գիշերը իջևանում է մի ավազակապետի տանը, առանց իմանալու, թե ուր է իջեւանում: Տանտերը ընդունում է նրան սիրով, բայց ագահ աչքերով չափում է նրան ոտից մինչև գլուխ:
— Դուք վաճառակա՞ն եք, — հարցնում է նա:
— Այո՛, — պատասխանում է Րաֆֆին:
— Չե՞ք վախենում մենակ ճանապարհորդել:
— Ի՞նչ կարող են ինձ անել:
— Կարող են ձեր գլուխը սոխի պես թռցնել և ձեզ կողոպտել: Երևի դուք փող ունեք:
— Ունեմ, բայց ինձանից փող խլելը հեշտ բան չէ:
Տանտերը կարմրած և կատաղի աչքերով նայում է Րաֆֆիին և հեգնաբար պատասխանում.
— Մի՞թե... Ցանկալի է իմանալ, ի՞նչ կանեիք, եթե իսկույն, հենց այս րոպեիս, երկու կտրիճ ավազակներ կանգնեին ձեր գլխին:
Այս ասելով՝ տանտերը նշան է անում, և դռների առջև երևում են մի զույգ ավազակադեմ մարդիկ:
— Ի՞նչ կանեի, — պատասխանում է Րաֆֆին, — նախ և առաջ ցույց կտայի ահա այս փոքրիկ զենքի ուժը:
Այս ասելով, նա գրպանից հանում է վեցտրաքիչ ատրճանակը և մի անգամ արձակում է. գնդակն անցնում է առաստաղի մեջ: Ավազակապետ տանտերը, մի փոքր լռելուց հետո, ասում է.
— Դուք իսկական ճանապարհորդ եք, ես հավանում եմ այն մարդկանց, որ իրանց պաշտպանել գիտեն:
Հետո դառնալով դռների մոտ կանգնած մարդկանց, հրամայում է.
— Շարբա՛թ բերեք մեր ղոնաղի համար:

Նույնիսկ այն դեպքը, որ Րաֆֆին տասնվեց տարեկան հասակում, գիմնազիստ ժամանակը, մեն-մենակ ուղտի վրա ճանապարհորդել է Փոքր Ասիայի մի մասում, ցույց է տալիս, որ նա անձնական վտանգները արհամարհում էր: Նա շատ էր սիրում խոսել հայերի անհատական քաջության մասին: Ասում էր, որ եթե այդ անհատական քաջությունը ընկերական լիներ, հայերը կարող էին աշխարհի երեսին մի զորեղ ազգ լինել: