Գնահատե՞նք հակամարտ կողմերի արդյունքները, կամ՝ թե ինչու է ԱՄՆ-ը որոշել փոխել ԻՊ-ի դեմ պայքարի մարտավարությունը
Արդեն շուրջ 3 ամիս է, ինչ ԱՄՆ-ն, ապա նրա գլխավորած միջազգային կոալիցիան նախ Իրաքի, ապա Սիրիայի տարածքներում օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը, իսլամականների դեմ ցամաքային գործողություններ իրականացնելու համար մարզում, զինում է Իրաքի Քրդական ինքնավարության «փեշմարգա» զորամիավորումներին, նույն գործելաոճն է իրականացնում նաև սիրիական չափավոր ընդդիմության զինված խմբավորումների հետ և այլն:
Ի հակադրություն՝ ԻՊ-ը շարունակում է ընդարձակել իր վերահսկողության ներքո գտնվող տարածքները Սիրիայում և Իրաքում, ընդլայնել ցանցը և ակտիվացնել բջիջները երկրագնդի տարբեր հատվածներում, շարունակել նավթի ապօրինի վաճառքը, մարդկանց, նյութական և պատմամշակութային արժեքների առևանգումները, գրաված տարածքներում ազգային և կրոնադավանական փոքրամասնությունների հանդեպ զտումները, մահապարտ ահաբեկիչների մասնակցությամբ ահաբեկչական գործողությունները, զանգվածային սպանդները, օտարերկրացի գերիների գլխատումները և այլն:
Վերոնշյալը հակամարտ կողմերի գործողությունների հիմնական շրջանակն է: Իսկ այժմ գործողություններն ու իրավիճակը գնահատենք ընդամենը վերջին 1 շաբաթվա կտրվածքով:
ԱՄՆ-ը և նրա գլխավորած միազգային կոալիցիան շուրջ 4 տասնյակ ավիահարված է հասցրել ԻՊ-ի դիրքերին՝ Սիրիայի տարածքում՝ հիմնականում Քոբանիում և ալ-Ռակկայում, Իրաքի հյուսիս-արևմտյան, հյուսիսային և կենտրանական հատվածներում՝ Սինջար, Մոսուլ Բայջի, ալ-Ֆալուջա, ար-Ռամադի քաղաքներում՝ որոշակի մարդկային և նյութական կորուստներ պատճառելով կառույցի ենթակառուցվածքներին:
«Իսլամական պետության» դեմ պայքարում առարկայական մասնակցություն է ցուցաբերել Կանադան՝ առաջին ավիահարվածները հասցնելով իսլամականների դիրքերին Իրաքում (ի դեպ կանադական օդուժը և ընդհանրապես՝ կոալիցիայի ոչ արաբական անդամ պետությունները մասնակցելու են ռազմական գործողություններին բացառապես Իրաքի տարածքում և միայն օդային հարվածների ու թիկուքնային գործունեության տեսքով):
Իրաքյան և քրդական զորամիաավորումներին հաջողվել է մի քանի բնակավայրեր «ազատագրել» իսլամականներից Իրաքի Դիյալա և Սալահ ալ-Դին նահանգներում, իսկ Սիրիայի կարևոագույն ռազմադաշտերից մեկում՝ Քոբանիում ռազմական գործողություններն ընթանում են փոփոխական հաջողություններով:
Ինչ վերաբերում է «Իսլամական պետությանը», ապա կառույցի զինյալները հերթական զանգվածային սպանդն են իրականացրել Իրաքի ալ-Անբար նահանգի ար-Ռամադի քաղաքում՝ գլխատելով տեղի ցեղերի 75 և գերելով 125 ներկայացուցչի:
Սիրիայում իսլամականների վերահսկողության տակ են անցել երկրի խոշորագույն Ալ-Շաիր գազի հանքավայրն ու սիրիական բանակի 121-րդ գնդի ռազմակայանը կենտրոնական Հոմս նահանգում (ըստ սիրիական պետական լրատվամիջոցների՝ 4 օր տևած կատաղի մարտերից հետո բանակային ստորաբաժանումները վերադարձրել են գազահանքի վերահսկողությունը): ԻՊ-ի զինյալներն ակտիվացել են նաև երկրի հյուսիսում՝ Իդլիբի և Հալեպի նահանգներում:
Ահաբեկչական կառույցն ընդլայնել է իր ազդեցությունը և համագործակցության դաշտն այլ ծայրահեղ արմատական իսլամական կազմակերպությունների հետ: Մասնավորապես, ԻՊ-ը կապեր է հաստատել Սոմալիում գործող «Հարաքաթ ալ-Շաբաբ» խմբավորման հետ. այս համագործակցության նպատակն է սեփական տարաբնույթ նպատակների համար օգտագործել նաև ծովային ուղիները:
ԻՊ-ին հավատարմության երդում է տվել Եգիպտոսի տարածքում՝ հատկապես Սինայի թերակղզում ամենաակտիվ ծայրահեղական կազմակերպությունը՝ «Անսար Բեյթ ալ-Մակդիսը»:
ԻՊ-ի բջիջներն ակտիվացել են Ավստրալիայում. կառույցի համակիրները Սիդնեյում մահափորձ են իրականացրել տեղի շիայական համայնքի առաջնորդ Ռասուլ ալ-Մուսավիի դեմ, իսկ միջադեպից մի քանի ժամ առաջ հարձակման էր ենթարկվել շիաների կրոնական կենտրոնը:
Նոյեմբերի 1-ին Սիրիայում «Ալ-Կաիդայի» ճյուղավորումը հանդիսացող «Ալ-Նուսրայի» ճակատ իսլամական ծայրահեղ արմատական խմբավորման զինյալներն իրենց վերահսկողությունն են հաստատել Արաբական Հանրապետության հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգի մի շարք բնակավայրերի վրա: Իսլամականներն այստեղից դուրս են մղել միջազգային կոալիցիայի կողմից հովանավորվող և Ջամալ Մարուֆի կողմից ղեկավարվող սիրիական չափավոր ընդդիմության ռազմական թևի ներկայացուցիչներից մեկի՝ «Սիրիայի հեղափոխական ճակատի» կազմի մեջ մտնող խմբավորումներին՝ գրավելով նրանց սպառազինությունների մեծ մասը:
Իրադարձությունների զարգացման նման ընթացքի պայմաններում, ասում են՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է դիմել կոնգրեսին՝ ԻՊ-ի դեմ պայքարի նոր՝ ցամաքային մարտավարության հնարավորությունը քննարկելու նպատակով:
Արմեն Պետրոսյան