1904-ին, առաջին անգամ ըլլալով, տեսա և ճանչցա զայն իր բնակարանին մեջ՝ Սևքարեցի Սաքոյին միջոցավ: Բանաստեղծը իր զվարթ ու խնդուն բնավորությամբ լավ տպավորություն և անուշ զգացումներ ունենալու հմայքը ստեղծեց մեջս: Առաջին տեսակցությամբ մտերիմներ ու բարեկամներ էինք: Մեկ նայվածք մը բավ էր հասկնալու ու ճանչնալու անոր սրտի անբիծ ու նկարագրին անաղարտ վիճակը:

 

 

Մագնիսական ուժ մը քաշած կապած էր զիս իրեն ավելի սիրելու, ավելի մտերմանալու, ավելի հիանալու և հարգելու: Բաց էին իր տան դռները բոլորին առջև: Վանքի մը պես ամեն օր ուխտավորներ և այցելուներ կմտնեին ու կելնեին' վայելելով այդ նահապետական տան ճոխ բարիքներն ու սեղանները: Առանց հյուրի սեղան չէր նստեր և ոչ ալ օրը կփակեր առանց բարի գործ մը կամ ծառայություն մը կատարելու: Վրեժխնդրություն , քեն, ատելություն, չարիք, նախանձ' կյանքի այս զգացումները անծանոթ էին իրեն: Բյուրեղի պես մաքուր ու պարզ էր իր սիրտն ու հոգին, եւ մանիշակի չափ խոնարհ ու քնքուշ:

 

 

Տիպար հայ մըն էր' ազգասեր ու գործունյա: Այս գեղեցիկ ու բարձրագույն հատկանիշներով օժտված բանաստեղծը ոչ միայն սիրելի ու հարգելի էր հայ ժողովրդին, այլ կհարգվեր ու կսիրվեր ռուս, վրացի, պարսիկ ու թաթար ժողովուրդներեն… 1915-ին, երբ Վասպուրականը գրավվեցավ ռուսներեն, Թումանյան Վան եկավ տեսնելու իր ժողովուրդն ու հայրենիքը ավելի մոտեն: Ի՞նչ տպավորություններով վերադարձավ' չեմ գիտեր, բայց երբ 1915-ին Մեծ գաղթը եղավ ռուսներու կեղծ նահանջով, բանաստեղծը իր տունը, իր ընտանիքի վայելքները թողուցած, եկավ իր երկու չափահաս աղջիկներուն հետ Էջմիածինի, Իգդիրի ու Երևանի վանքի պատերուն տակ խռնված գաղթականներուն օգնելու: