Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններից հետո, որին այդ պետության շուրջ 1/3-ը չմասնակցեց, հիմա էլ ուզում են ընտրություններ անցկացնել Նովոռուսիայում' Արևելյան Ուկրաինայում: Այստեղից նորից հարաբերությունների սրացում Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Եվ պատահական չէր, որ Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչների խորհրդի վերջերս կայացած հանդիպմանը որոշվել է անփոփոխ թողնել ընդունված պատժամիջոցները:


Ուղղակի այդպես էլ Արևմուտքը չհասկացավ, որ կռվող, հակամարտող կողմերից ոչ մեկն էլ չի շահում, կորցնում են բոլորը…


Այդ սանկցիաները հավասարապես, կամ մի քիչ ավել կամ պակաս ազդում է բոլոր կողմերի վրա, թե’Ռուսաստանի, թե’ Եվրամիության երկրների, թե’ Ուկրաինայի վրա: Այն չի ազդել և չի ազդի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի վրա: Ընդհակառակը, այս երկրները ամեն ինչ անում են Եվրամիության երկրներին, Ռուսաատանին թուլացնելու համար:


Նովոռուսիայի ընտրությունները չճանաչելու մեջ ռուս պաշտոնյաները որևէ պատճառ չեն տեսնում, այս փաստն էլ բնականաբար դուր չի գալիս Արևմուտքին: Իսկ ընդհանուր առմամբ Արևելյան գործընկերության հարցում սխալվեցին արևմտյան տերությունները, շտապեցին, ճկուն և հեռատես չգտնվեցին…Եվրամիության չինովնիկները ԱՄՆ-ի հրահրմամբ արագացրին գործընթացները և կանգնեցին կոտրած տաշտակի առաջ…

Մինչդեռ պետք է ավելի ճկուն գտնվեին, փորձեին Ռուսաստանին էլ ընդգրկել Եվրաասոցացման համաձայնագիրը ստորագրող երկրների կազմում: Անհրաժեշտ էր ժամանակ շահել, մյուս երկրների կողմից պայմանագրերը ստորագրելուց հետո Ռուսաստանին հանգիստ խղճով «հայավարի քցել»…Հիմա Արևելյան Ուկրաինայի' Նովոռուսիայի ընտրություններով կրկին կխորանա փոխադարձ ատելությունն ու թշնամությունը: Կրկին կթուլանա Ռուսաստանը, կթուլանան Եվրամիության անդամ երկրները: Այսինքն այն, ինչին ձգտում էին ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ի սկզբանե:Մինչդեռ Եվրամիության չինովնիկները պետք է հիշեին ֆիզիկայի պարզագույն օրենքներից մեկը' «Ազդեցությունը հավասար է հակազդեցությանը» և որ իրենք կորուստներից զերծ չէին մնալու…


Այնպես որ, ազդվե’ք, հակազդվե’ք, թուլացե’ք, ԱՄՆ-ն էլ հենց դա է ուզում…


Իսկ Ուկրաինայում լարվել է նաև ներքաղաքական վիճակը: Յացենյուկը լքեց Պորոշենկոյին, ցույց տալով երեք մատի կոմբինացիա, համագործակցելով ազգայնականների, ծայրահեղականների հետ: Մի խոսքով Սոդոմ և Գոմոր, մնում է վերջնականապես մասնատել Ուկրաինան և ամեն ինչ կվերջանա…


Բայց չէ, չի վերջանա…Հիմա էլ հասունանում է նոր առճակատման օջախ' Մոլդովան…Այդտեղ սպասվում է ուկրաինական սցենարի կրկնությունը: Առաջիկա'նոյեմբերի 30-ի ընտրություններում կոմունիստների հաղթանակի դեպքում Մոլդովան կարող է հրաժարվել Ասոցացման համաձայնագրից, դրան հետևող բոլոր հետևանքներով:


Մի հետաքրքիր դիտարկում ևս, որի հետագա հաստատաման դեպքում, հաստատ կմտածեմ, որ այդ եվրոչինովնիկները հավանաբար եթե ոչ հոգեբույժի, ապա հոգեբանի կարիք հաստատ ունեն: Մեր հանրապետությունում մեռան գրելով, ասելով, բարձրաձայնելով, որ կարելի է Հայաստանի դեպքում կիրառել «եվ-եվ»-ի սկզբունքը, սակայն կատեգորիկ մերժվեց: Մինչդեռ մի երկու օր առաջ Հայաստանում Եվրամիության դեսպան Տրայան Հրիսթեան հայտարարել է, որ Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը չի հակասում Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրին և չի չեղարկում այն: Այնուհետև հավելել է. «Ես հակասություն չեմ տեսնում, ես կարծում եմ, որ Արևելյան գործընկերությունը կմնա այն հիմնական և կարևոր գործիքը, որը Եվրամիությունը կիրառելու է իր արևելյան հարևանների հետ հարաբերություններում և հույս ունեմ, որ այն սկզբնական հոռետեսությունը, որ կար որոշ փորձագիտական շրջանակներում և մամուլում, անհիմն դուրս կգա»:


Այո, երևի ժամանակ էր պետք Հայաստանին փակուղի մտցնելուց հետո, վերջնականապես հասկանային, որ ցանկության դեպքում հնարավոր էր լուծումներ գտնել…Սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ քաղաքական կուրություն ու ատելությունը, անհեռատեսությունը, շտապողականությունը տանում է անկանխատեսելի ու անհասկանալի իրավիճակների, ավերածությունների ու մարդկային հազարավոր զոհերի…


Դե ինչ, սպասենք և տեսնենք թե ինչ կասի այդ ուղղությամբ Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին օրերս փոխարինող, Ավստրիան ներկայացնող Յոհաննես Հանը:


Կապրենք, կտեսնենք…

 

 

Ռոբերտ Մելքոնյան