Քառասուն տարուց ի վեր մի խելահեղ քամի է սուրում Թուրքիայի վրայով, կուրացնելով երիտասարդ ու տարեց կառավարիչներին, նրանց մղելով չլսված ու աննկարագրելի ավերիչ մոլուցքի։ Խաղաղության եւ համաձայնության դարաշրջանին, որում դուք՝ հայերդ եւ մենք՝ մահմեդականներս, ավելի քան 600 տարի ապրում էինք փոխադարձ եղբայրության պայմաններում, փոխարինել են կոտորածները եւ տարաբնույթ կողոպուտները։
Ձեզ՝ հայերիդ, կայսրության հավատարիմ, նվիրված ու օգտակար քաղաքացիներիդ, Թուրքիան պարտական է այն նշանավոր ծառայությունների համար, որոնք դուք նրան մատուցել եք՝ ինչպես նրա տնտեսական ու առեւտրական, այնպես էլ մտավոր ու արվեստի զարգացման գործում։
Ներկայումս, «երիտթուրքեր» կոչվեղ բախտախնդիրների մի խառնամբոխ ձեռքից բաց չի թողնում իշխանությունը Ստամբուլում եւ այն պահելու համար նրանք ամեն օր դիմում են ամենաարյունալի միջոցների, որոնք երբեւէ ի հայտ չէին եկել նույնիսկ Աբդուլ Համիդի իշխանության օրոք։
ԵՒ ՄԵՆՔ ԵՂԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԱՅԴ ՍՏՈՐ ԲՆԱՋՆՋՄԱՆ ԱՆԶՈՐ ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ԱՅԴ ԱՎԱԶԱԿՆԵՐԸ ՏԵՂԱՀԱՆԵԼ ԵՆ ՈՒ ԿՈՏՈՐԵԼ ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐՆԵՐՈՎ։
Արդարացնելու համար այդ հանցանքը, Թուրքիայի ներկայիս կառավարությունը տպագրել է հայերի դեմ ուղղված լկտի, ստահոդ բազմաթիվ գրքույկներ։ ԿԱՆԱՆՑ ԵՒ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՄՈՐԹԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷՐ ՀՆԱՐԵԼ ԴԺԲԱԽՏ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ԲՆՈՒՅԹԻ ՄԵՂԱԴՐԱՆՔ։
Եթե հայերի շրջանում կային մի քանի սադրիչներ, ապա կառավարությունը պարտավոր էր փնտրել նրանց եւ պատժել համաձայն երկրի օրենքների, բայց մի քանի հեղափոխականների պատճառով, եթե այնուամենայնիվ այդպիսիք այնտեղ կային, ԱՎԵԼԻ ՔԱՆ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ խաղաղասեր քաղաքացիների, որոնք համոզված էին իրենց անմեղության մեջ, տեղահանելը, կոտորելը, կողոպտելը, մորթելը՝ չլսված մի գործողություն է, որը մենք՝ լիբերալներս եւ իսկական թուրք հայրենասերներս, դատապարտում ենք մեր ամբողջ ուժով եւ որը մեր կրոնը վճռականորեն դատապարտում է։
Հայե՛ր։
Դուք հալածվել եք եւ կոտորվել, որովհետեւ պահանջել եք արդարություն, որովհետեւ պահանջել եք անվտանգության պայմաններում ապրելու եւ Ձեր ունեցվածքի ապահովության իրավունք։ Եւ մենք՝ թուրք լիբերալներս, արդյո՞ք միեւնույն գաղափարի համար չենք արժանացել, որքան էլ նվազ չափերով, ձեր ճակատագրին։
Մենք կարծում ենք, այսպիսով, որ քաղաքակիրթ աշխարհին այսօր հայտարարելով, թե դուք՝ հայերդ, մշտապես եղել եք Օսմանյան կայսրության հավատարիմ եւ նվիրված հպատակները, մարում ենք սուրբ պարտքը։
Հայե՛ր։
Դուք մինչեւ այժմ անարդարացիորեն նահատակվել եք․ մենք պարտավորվում ենք ապագայում ձեզ համար երաշխավորել այն ազատությունը, որին հավակնելու իրավունքը դուք ունեք, ինչպես եւ մենք այդ իրավունքն ունենք, մենք՝ մահմեդական թուրքերս, ինչպես նաեւ, առանց բացառության, բոլոր օսմանները։ Եւ քանի որ մենք հալածվել ենք միեւնույն պատճառով, մենք պետք է միասնական լինենք միեւնույն հիման վրա, որպեսզի նախ եւ առաջ՝ տապալենք մեր կեղեքիչների բռնապետությունը։
Այսպիսով, մենք չեզոքաբար եւ անկեղծորեն ձեզ ենք պարզում մեր ձեռքը, միանալու համար մեզ՝ ընդհանուր ջանքեր գործադրելու նպատակով, որպեսզի շուտափույթ հասնենք մեր գաղափարի՝ «Մեր ազատության եւ մեր ազգային բարգավաճման» կենսագործմանը։
«ԺՈՒՐՆԱԼ ԴԸ ԺՆԵՒ», 1-ը հունվարի, 1918 թ․
Ստորագրված է՝ Քեմալ Միդհատ բեյ
ՀԳ - Ճանաչում են, դատապարտում, բայց տեսեք, թե ինչպես են փորձում խուսափել փոխհատուցումից՝ «Մենք կարծում ենք, այսպիսով, որ քաղաքակիրթ աշխարհին այսօր հայտարարելով, թե դուք՝ հայերդ, մշտապես եղել եք Օսմանյան կայսրության հավատարիմ եւ նվիրված հպատակները, մարում ենք սուրբ պարտքը»։