«Հունական կրակն» այրվող խառնուրդ էր եւ միջնադարում օգտագործվել է ռազմական նպատակներով։ Դրա ստույգ բաղադրությունն անհայտ է։ Անվանում էին նաեւ « հեղուկ կրակ», նաեւ՝ «կպչող կրակ», քանի որ շարունակում էր վառվել նույնիսկ ջրի մեջ: Բյուզանդական նավատորմն այն ավելի հաճախ կիրառել է Կ. Պոլիսը գրոհող թշնամիներին ջախջախելու համար: Այն հատուկ փողի միջոցով «նետում էին» հակառակորդի նավերի վրա: Ենթադրում են, որ «հունական կրակն» անհետացել է Բյուզանդական կայսրության անկումից հետո (1453թ.):
Կա վարկած, որ հույներն այդ գաղտնիքը թաքցրել են թուրքերից՝ հետագայում նրանց դեմ պայքարում կիրառելու նպատակով: Գիտնականները երկար ժամանակ փորձել են պարզել դրա բաղադրությունը: Ավելի վաղ տեսության համաձայն՝ այն իրենից ներկայացրել է սելիտրա, որը վառոդի նախատիպն է: Սակայն այս տեսությունը հերքվել է, քանի որ սելիտրան չի այրվում ջրում: Մասնագետներից ոմանք կարծում են, որ զենքն իրենից ներկայացրել է նավթի, չհանգած կրի, սելիտրայի եւ ծծմբի խառնուրդ: