Երվանդունիներ

Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին մետաղադրամները վերաբերում են Ք.ա. VI-V դարերին: Դրանք եզակի նմուշներով գտնված Աքեմենյան, Միլեթյան և Աթենական արծաթե դրամներ են: Հայտնի է, որ դեռևս Ք.ա. IV դարում Հայաստանի Աքեմենյան սատրապ Երվանդ Բ-ն եւ Հայաստանի արեւմտյան մասի կառավարիչ Տիրիբազը իրենց դիմապատկերներով դրամներ էին հատում: Դրանք, սակայն, աքեմենյան դրամներ էին: Ք.ա. 260-201 թթ. Ծոփքի Երվանդունի հայ արքաները՝ Շամը /Սամոս/,Արշամը, Քսերքսեսը, Աբդիսարեսը արծաթե մետաղադրամներ էին հատում, որոնք հայտնի են որպես ամենավաղ հայկական արքայական դրամներ:

 

 

Արտաշեսյաններ

Արտաշեսյան հարստության ժամանակաշրջանից (Ք.ա. 189 թ. - Ք.հ. 1 թ.) մեզ են հասել համեմատաբար մեծ թվով դրամներ: Հայկական դրամները միջազգային շրջանառություն են ունեցել Տիգրան Մեծի գահակալության տարիներին (Ք.ա. 95-55 թթ.): Դրանք հատվում էին ինչպես Հայաստանում (Արտաշատ, Տիգրանակերտ), այնպես էլ Ասորիքի /Սիրիայի/ քաղաքներում (Անտիոք, Դամասկոս):

 

 

Արշակունիներ

Արշակունյաց հարստության (66-428 թթ.) դրամներ հայտնի չեն: Սկզբնական շրջանում Հայաստանում դրամաշրջանառությունը կատարվել է հարևան երկրների՝ հիմնականում Հռոմի կայսրության և Պարթևական թագավորության դրամներով: Ավելի ուշ՝ շրջանառության մեջ են դրվել նաև Սասանյան հարստության և Բյուզանդական կայսրության դրամները:

 

 

Բագրատունիներ

Բագրատունյաց հարստության (885- 1045 թթ.) արքաների հատած դրամների մասին տեղեկություններ եւ դրամի նմուշներ չեն հայտնաբերվել: Սակայն մեզ են հասել Բագրատունյաց հարստության Լոռվա ճյուղի Կյուրիկե Բ թագավորի եզակի դրամները: Դրանք մեզ հայտնի առաջին հայկական դրամներն են, որոնց վրա եղած մակագրությունները կատարված են հայերենով: Այս մետաղադրամները հատված են պղնձից և ամբողջությամբ ձևավորված նույն ժամանակաշրջանի բյուզանդական դրամների տեսքով: Սակայն կան տեղեկություններ նաև Կյուրիկե Բ թագավորի արծաթե մետաղադրամների վերաբերյալ:

 

 

Կիլիկիա

Կիլիկյան իշխանապետության շրջանի մետաղադրամները հազվագյուտ են և հայտնի են առանձին նմուշներով: Թագավորության շրջանի մետաղադրամները բազմազան են և հասել են մեզ համեմատաբար մեծ քանակով: Կիլիկյան պետության թողարկումներից հայտնի են արծաթե, բիլոնե, պղնձե և սահմանափակ քանակով ոսկե դրամներ: Ոսկե դրամները կոչվել են դահեկան, արծաթե դրամները՝ դրամ, թագվորին, իսկ պղնձե դրամները՝ դանգ, քարտեզ, փող: Կիլիկյան դրամները բնորոշվում են հայերեն, ինչպես նաև լատիներեն մակագրություններով. դրվագվել են նաև, այսպես կոչված, երկլեզվյան դրամներ՝ հայատառ և արաբատառ մակագրություններով: Արծաթե թողարկումները շատ տարածված էին: Նրանք սկզբնական շրջանում թողարկվել են բարձորակ արծաթից: Հետագայում թողարկվել են ավելի ցածրորակ արծաթե մետաղադրամներ՝ թագվորիններ:

 


Որոշ Կիլիկյան արքաներ թողարկել են նաև «օծման» դրամներ, իսկ Հեթում Ա-ի (1226-1270 թթ.) օրոք, Փոքր Ասիայի սելջուկյան սուլթանների հետ համատեղ, դրվագվել են այսպես կոչված երկլեզվյան դրամներ՝ մի կողմում հայատառ, մյուսում՝ արաբատառ գրություններով: Իր թագավորման սկզբում Լևոն Ա-ն (1198-1216 թթ.) թողարկել է նաև լատիներեն գրությամբ դրամներ: Կիլիկյան հայոց պետության դրամները թողարկվում էին մայրաքաղաք Սիս, Այաս ու Տարսոն քաղաքներում:

ՆԿԱՐՈՒՄ՝ Լոռվա Կիւրիկէ Բ թագաւորի թողարկած հայերէն գրութեամբ առաջին հայկական դրամները, որոնցից հինգը այժմ պահւում են Երեւանի Պատմութեան թանգարանում: