Քուրդ ցեղապետ Ղասըմ բեկը Գևորգին խնդրեց հյուրընկալվել իր տանը: Ժամեր անց, մի քուրդ գյուղացի Չավուշին հանձնեց Ղասըմի կնոջ՝ Ջամիլայի նամակը. «Գևո՛րգ, թուրքերը ամուսնուս կաշառել են, քեզ կանչում է սպանելու, չգա՛ս»: Գևորգի արյունը եռաց, խենթացած թռավ ձիու թամբին ու սուրաց դեպի Ղասըմ բեկի բնակատեղին: 300 քուրդ զինյալներ շարք կանգնած՝ սպասում էին Ղասըմին, երբ Գևորգն ուղիղ մտավ բակ և ձայնեց բեկին:
Բեկը շփոթված դուրս եկավ, մոտեցավ Գևորգին ողջունելու: Չավուշն առանց շտապելու արձակեց զենքերը, բացեց կուրծքը և մոտենալով ոչ պակաս շփոթված զինյալների տողանին, ասաց. «Ղասըմ բեկն ինձ հրավիրել է սպանելու: Ես եկել եմ: Գևորգ Չավու՛շն եմ, շնե՛ր, դե սպանեք»: Թե՛ բեկը, թե՛ նրա զինվորները մեխված կանգնած էին: Նույնքան անշտապ, Գևորգը վերցրեց զենքերը, թռավ ձիու վրա ու հեռացավ: Ղասըմը հայացքը հառեց երկնքին ու աղոթքի նման շշնջաց.
_ Հալալ ա կերած կաթը: Կոտրվի էն ձեռքը, որ կփորձի նրան զարկել: