Դեպի Ղազախստան Հայաստանի արտահանման ծավալները տարեկան 8-9 մլն դոլարի սահմաններում են։ Այս ձեւավորված միտումները հիմք են տալիս ասելու, որ հայկական ապրանքներն այստեղ կարող են իրացման բավական լուրջ պոտենցյալ ձեռք բերել։ Հատկապես նոր տնտեսական միության ընձեռած հնարավորությունների պայմաններում։ Միության կազմում ապրանքների արտահանումն անհամեմատ հեշտանում է՝ պայմանավորված արտոնագրման, ինչպես նաեւ վերահսկողության հետ կապված բազմաթիվ խնդիրների վերացմամբ։ Այսօր շատ հաճախ դրանց պատճառով արտադրողները չեն կարողանում արտահանում իրականացնել։ Մասնագետները սա լավ գործոն են համարում հայկական ապրանքների, մասնավորապես գյուղմթերքների ծավալների ավելացման համար։ Մյուս կողմից՝ դրա համար նպաստավոր պայման են ստեղծում այլ երկրներից ներմուծման ժամանակ կիրառվող մաքսատուրքերի բարձր դրույքաչափերը։
Վերջին տարիներին Բելառուսի հետ Հայաստանի առեւտրային հարաբերություններում որոշակի աճ արձանագրվում է։ Փոխանակումների ծավալը հասնում է 50 մլն դոլարի, որի հիմնական մասը բելոռուսական արտադրանքն է։ Այնուհանդերձ բելոռուսական շուկայում եւս հայկական ապրանքի արտահանման դրական տեղաշարժ նկատվում է։ Անցած տարի այն ավելացավ 27,6 տոկոսով։ Այս տարի աճը մոտենում է 18 տոկոսին։
Դավիթ Պետրոսյան