Մեր «Լիբերալ ինտելիգենցիային» միավորող բազմաթիվ հատկանիշներից մեկը սերն ա հետևյալ պաթետիկ պնդումները. «Ես հայրենասեր չեմ», «Ես հայրենիքս/ազգությունս չեմ ընտրել, ուստի չեմ հասկանում, թե ինչու պետք է հպարտանալ հայրենքիովս ու ազգությամբ»։


Առաջին դիրքորոշմանն ի արդարացում, սովորաբար բերում են Սեմուել Ջոնսոնի աֆորիզմ դարձած խոսքը. «Հայրենասիրությունը սրիկաների վերջին հանգրվանն է»։ Ընդ որում, սա բերվում է որպես աքսիոմատիկ ինչ որ բան, որը միակ ճշմարիտն է ու ապացուցման կարիք չունի։ Մինչդեռ այս պնդման արդարացիությունը վիճարկել են թե դրա ժամանակիցները, թե առավել ևս ներկայիս մարդիկ, որովհետև որքան էլ անհերքելի լինի այն փաստը, որ որոշ դեպքերում սրիկաները քողարկում են իրենց սրիկայությունները՝ հայրենասիրության մասին բարձր ճառերով, բայց դա ամենևին չի նշանակում, որ ցանկացած հայրենասեր՝ սրիկա է, կամ էլ ցանկացած սրիկա՝ արդարացնում է իրեն հայրենասիրությամբ։ Սա մեկ։


Ինչ վերաբերում է հայրենիք ու ազգություն չընտրելու հարցին, ապա այստեղ ավելի շատ գործ ունենք էկզիստենցիալ-փիլիսոփայական հակասության հետ։ Մեծ հաշվով, մարդը ոչ միայն իր հայրենիքն ու ազգությունը չի ընտրում, այլև իր ծողներին, հարազատներին, երեխաներին։ Միևնույն ժամանակ, ամեն արժեք չէ, որ արժեք է իր նյութեղեն լինելու կամ էլ սեփական ընտրություն լինելու համար։ Կան մետաֆիզիակական հասկացողություններ, որոնց մեջ մտնում են այնպիսի բաներ ինչպիսիք են. ծնողական սեր, պատկառանք առ ծնողներ, սեր ու հպարտություն առ հայրենիք, պարտք՝ հայրենիքի հանդեպ։ Այո, դրանք բավականին աբստրակտ են, դրանք նյութական չեն, հաճախ՝ անգամ գիտակցված ընտրության հետևանք չեն, բայց արդյո՞ք դրանից դրանից այդ արժեքները դառնում են պակաս արժեք, ակմ էլ առավել ևս դադարում են լինել։ Այո, ես հայրենիքս չեմ ընտրել, բայց երբեք չամաչելուց զատ, միշտ հպարտացել եմ իմ հայրենիքով՝ անկախ պատմության տարբեր պահերին դրա պետական մոդելով։ Ակո, ես ծնողներիս չեմ ընտրել, ոչ էլ ծնողներիս են ինձ ընտրել, բայց դրանից ոչ իրենք են ինձ պակաս ծնող դարձել, ոչ էլ ես եմ իրենց համար պակաս որդի դարձել։ Նույնն էլ մնացած-մնացածները։


Ու ընդհանրապես, «լիբերալ-ինտելիգենցիայի» «օրիգինալությունը» հիմնված է նմանորինակ քվազիիմաստությունների վրա, որոնցից շատերից արդեն նավթալինի հոտ է գալիս։

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան