Հակառակ այն հանգամանքին, որ վերջին տարիներին շատ է խոսվում անկախ քրդական պետության ստեղծման մասին, քրդական հարցն ակնհայտորեն առայժմ շահարկումների թեմա է մնում: Պատճառներից մեկն այն է, որ քրդական տարրը բավական սահմանափակ դերակատարում կարող է ունենալ ու, միաժամանակ, քրդական անկախությունը տարածաշրջանում իրական կողմնակիցներ չունի՝ Թուրքիայի, Իրանի ու արաբական պետությունների համար այն կարող է լրացուցիչ մեծ գլխացավանք դառնալ, քանի որ կհանգեցնի միջպետական սահմանների անխուսափելի վերաձևմանը: Այդ իսկ պատճառով ԻԼԻՊ խմբավորման կողմից եզդիների ցեղասպանությունը կարող է դիտարկվել որպես քրդերի ցեղասպանության նախերգանք՝ մի կողմից քրդերին պետություն ստեղծելու հնարավորություն կտրվի թերևս փլուզվող Իրաքի և Սիրիայի տարածքում, բայց այդ նորաստեղծ պետությունն ավելի շուտ կձգտեն դարձնել քրդական ռեզերվացիա ու կզրկեն ինքնուրույն քաղաքական ու ռազմական դերակատարություն ստանձնելու ներուժից: Այդ ռեզերվացիան ունենալու համար քրդերը մեծ գին կվճարեն՝ նրանց կվտարեն իրենց բնակության ավանդական այլ տարածքներից կամ անողոք կերպով կոչնչացնեն: Քրդերին տեսականորեն կարող է աջակցել Իսրայելը, քանի որ այդպիսով կարող է դաշնակից ունենալ արաբական աշխարհի և Իրանի հետ հակասությունների սրումների ժամանակ: Սակայն, եթե հաշվի առնենք, որ Եգիպտոսը, Սիրիան, Իրաքն ու Լիբիան կատարելապես ջախջախված են, իսկ Իրանի հանդեպ Արևմուտքը նոր քաղաքական կուրս է որդեգրում, ապա քուրդ-իսրայելական համագործակցության հեռանկարը դառնում է անորոշ ու հեղհեղուկ:Քրդերի հանդեպ իրենց համակրանքը կարող են դրսևորել նաև որոշ հայկական շրջանակներ՝ համարելով, որ անկախ Քուրդիստանը Թուրքիային թուլացնելու և Հայկական հարցը արդիականացնելու հնարավորություն կարող է ընձեռնել:
Արման Մելիքյան