ԵԽԽՎ-ում իմ ելույթը' Թուրքիայի կողմից ահաբեկիչներին աջակցելու վերաբերյալ, Քեսաբի և Դեյր էզ Զորի Սուրբ նահատակաց եկեղեցու փայթեցման դեպքերը:
Մենք բոլորս անհանգստացած ենք Սիրիայում և Իրաքում օրեցօր վատթարացող իրավիճակի վերաբերյալ և դատապարտում ենք խաղաղ բնակչության և այդ թվում նաև' ազգային փոքրամասնությունների դեմ ուղղված հարձակումները և ահաբեկչական գործողությունները:
Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայում ապրող հայերի ճակատագրով: Սիրիայի մյուս քաղաքացիների հետ միասին նրանք այսօր պայքարում են իրենց կյանքի իրավունքի համար:
Մարտ ամսին մենք ականատես եղանք Սիրիայի Քեսաբ քաղաքի ողբերգական իրադարձություններին, մի քաղաքի, որ կարծես անցյալ դարասկզբին Ցեղասպանության հետևանքով հայերի անմարդկային տեղահանությունների մասին ցավոտ հիշեցում էր: Այս քաղաքը և հարակից 12 գյուղերը դաժան հարձակման ենթարկած ահաբեկչական խմբերը, որ փոխկապակցված էին Ալ-Քաիդայի հետ, սահմանը հատել էին հարևան Թուրքիայի տարածքից:
Ես անձամբ եմ այցելել Սիրիա, հանդիպել եկեղեցիներում ապաստան գտած փախստականների հետ: Նրանք պատմեցին, որ ահաբեկիչները պղծել են Քեսաբի քրիստոնեական եկեղեցիները, ինչպես նաև էական վնաս են պատճառել քաղաքացիական բնակչության գույքին:
Իսկ ընդամենը մի քանի օր առաջ մենք ականատես եղանք մեկ այլ բարբարոսական գործողության' Արևելյան Սիրայում ահաբեկիչների կողմից պայթեցվել էր Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Դա Հայոց Ցեղասպանության սուրբ հուշարձան էր, մի վայր, ուր ամփոփված էին Եղեռնի սարսափելի հանցագործության նահատակների մասունքներ:
Սրբավայրում արված այս բարբարոսությունը հերթական անգամ հաստատում է այսպես կոչված “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբի վայրենի բնույթը:
Բանաձևի նախագծում ԵԽԽՎ-ն հայտնում է խորին մտահոգություն, որ շուրջ 3000 երիտասարդ եվրոպացիներ են Իսլամական պետության շարքերում, որ կռվում են Իրաքում և Սիրիայում, և կոչ է անում Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին ջանքեր գործադրել բացահայտելու և ետ կանչելու, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Եկեք խոսենք անկեղծ. ինչու՞ ենք մենք միայն հիմա սկսում անհանգստանալ եվրոպացիների ներգրավվածության վերաբերյալ: Ինչու՞ մենք որևէ քայլ չձեռնարկեցինք Քեսաբի իրադարձություններից հետո, երբ առկա էին փաստեր, որ ահաբեկիչները ներխուժել էին ԵԽ անդամ Թուրքիայի տարածքից: Ինչպե՞ս եղավ, որ նույն կազմակերպության անդամներին սկսեցինք կոչել “ահաբեկիչներ”, այն դեպքում, որ Եվրոպան նրանց տևական ժամանակ անվանում էր “ապստամբներ”:
Ինչևէ, ողջունելի է, որ ԵԽԽՎ-ն քայլեր է վերջապես ձեռնարկում, և մենք կոչ ենք անում Վեհաժողովին միանալու միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված այս քաղաքակիրթ աշխարհին սպառնացող այս չարիքի վերացմանը և դրա հովանավորության ճանապարհները արմատախիլ անելուն:
Նաիրա Կարապետյան