Այն որ քառյակը 12 կետեր կազմեց ու տվեց կառավարությանը ու հետն էլ ժամանակ տվեց դա իրականացնելու համար, արդեն կայացած փաստ է, այն որ այդ ժամկետը մոտենում է ավարտին դա էլ է ակնհայտ, այն որ ուժերը հայտարարել էին, որ կետերի չկատարումը առիթ է հանդիսանալու հուժկու հանրահավաքների ու թեժ աշունների, հայտարարությունների մակարդակում բազմիցս լսել ենք: Այսօր քառյակի, կներեք, եռյակի, հանրահավաքի օրը արդեն պարզ է' հոկտեմբերի 10-ին, ԵՏՄ գագաթաժողովի օրը: Թե ինչու այդ օրը, դա խոսակցության այլ թեմա է: Հանրահավաքը, հանրահավաք, սակայն օրակարգի հարցով դեռ որոշակիության դեֆիցիտ կա, իսկ որոշակիությունն էլ պարզ կլինի մարզային մինի հանրահավաքներից հետո, այսինքն' կայցելեն մարզեր, կլսեն ժողովրդին, այնուհետև միասնական օրակարգ կգտնեն, որից հետո քայլերի ճանապարհային քարտեզն արդեն կլինի բացահայտ իրականություն: Հարց է առաջանում' բա ինչ եղան էն 12 կետերը, որ օրակարգի խնդիր կա:


Սակայն մեր մեջ ասած, այս պարագայում, ոչ թե օրակարգի կամ 12 կետերի հարց է լուծվում, այլ մարդիկ պարզ ասում են, սահմանադրական բարեփոխումներին են դեմ, որի հիմնավորումը համակարգային բարեփոխումներն են: Լավ, որոնք են այդ համակարգային բարեփոխումները, որ անընդհատ հնչեցվում է ու ոչ մի անգամ չի մանրամասնվում, ծրագիր չի ներկայացվում, ավելի շատ նման է «ցանկանում եմ երջանկություն» մաղթանքին, որը ոչ մեկ այդպես էլ լիարժեք չբացատրեց, որն է այդ երջանկությունը:
Ինչևէ' մենք էլ ենք ուզում համակարգային բարեփոխումներ, սակայն հակափաստարկները պետք է լինեն հնարավորինս համոզիչ, այլ ոչ կենացային մակարդակում:

 

 

Վահագն Սարոյան