Զգալ և գիտակցել իրական վտանգը: Այս արտահայտությունն այս օրերին պիտի ուղղված լինի ոչ միայն անհատ մարդկանց, այլև պետություններին, կառավարություններին և միջազգային ազդեցիկ կազմակերպություններին, որոնք կոչված են կարգ ու կանոն հաստատել երկիր մոլորակի վրա: Մի քանի ամիս առաջ «Իսլամական պետություն» կազմակերպության հրեշավոր գործողությունները Սիրիայում ուներ իր կողմնակիցներն ու հակառակորդները: Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսությունը փոխեց «Իսլամական պետության» հանդեպ հակասական ուժերի հարաբերակցությունը, և շուտով հասկանալի դարձավ ահաբեկիչների քողարկված էությունը: Նրանց հրեշավոր գործողություններն Իրաքում և Սիրիայում, հսկայական տարածքների գրավումը միջազգային իրավունքի ակնհայտ խախտումներ էին, անհարգալից վերաբերմունք մարդու իրավունքների և բարձր հռչակված այլ արժեքների հանդեպ: Իսկ Շանգալում եզդիներիս նկատմամբ նրանց վերջին քայլերն այլ բան չեն, քան ցեղասպանություն, ավելին՝ սա փորձ է ոչնչացնել 6000-ամյա պատմություն, սա ոչ միայն մարդկային, այլև կրոնական և մշակութային ողբերգություն է: Նման ձևով, ինչպես ոչնչացվել են մայաների և ացտեկների մշակույթները, ցանկանում են մերը ևս ավիրել և ոչնչացնել: Այս բռնությանը դիմագրավելն ողջ առաջադեմ մարդկության պարտականությունը պիտի լինի: Հետևաբար՝ Շանգալի պաշտպանությունը ոչ միայն քաղաքական, այլև պատմության, կրոնի և մշակույթի պահպանման հարց է: Շանգալի պաշտպանությունը մարդկայնության չափանիշն է: Եթե Շանգալի եզդինրը հեռանան իրենց բնօրրանից և ցրվեն ողջ աշխարհով, նրանք ժամանակի ընթացքում լիովին վերանալու վտանգի առջև կկանգնեն, ուստի առավել ճիշտ է կազմակերպել նրանց պաշտպանությունը հենց հայրենի հողի վրա, շանգալցին պիտի ամուր կառչած մնա իր սուրբ հողից: Գլուխ ենք խոնարհում նրանց առջև, ովքեր այս օրերին լծված են հայրենիքի և ժողովրդի պաշտպանության գործին, խստորեն դատապարտում ենք նրանց, ովքեր ցեղասպանության պատճառն են հանդիսացել և նրանց, ովքեր աչք են փակում այս ոճրագործության վրա, դատապարտում և անիծում ենք Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասութ Բարզանիին և «Փեշմարգայի» վախկոտությունը, որ պատճառ դարձան մեր ժողովրդի նկատմամբ 74-րդ ցեղասպանության իրագործմանը: Ողջունում ենք Շանգալի դիմադրության միավորման մարտիկներին և նրանց ղեկավար Քազիմ Շեշոյին, քուրդ ժողովրդի առաջնորդ Ապոյին (Աբդուլահ Օջալան) և Ինքնապաշտպանության ժողովրդական ուժերի ու Ժողովրդի պաշտպանության ջոկատների մարտիկներին: Շնորհակալ ենք, որ նրանք կյանքի գնով պաշտպանում են եզդիների պատիվը և շարունակում են պայքարը...
Կեցցե ազատ Շանգալը...