Ընտանիքը միշտ եղել է սրբություն հայի համար: Այն պետության հիմքն է և երջանկության ամենացանկալի հանգրվանը: Ավելի լավ չես ասի. «Մարդը երջանիկ է, եթե երջանիկ է տանը»:
Ցավոք, բոլոր վիճակագրություններն արձանագրում են, որ ամուսնալուծությունների թիվն օր օրի աճում է մեզանում:
Ինչպե՞ս պատճառաբանել այս տհաճ միտումը, ինչպե՞ս հաղթահարել համատեղ կյանքում ժամանակ առ ժամանակ առաջացող «ճգնաժամային փուլերը»…
Դավիթ Հայրապետյան, հոգեբանական գիտությունների թեկնածու
- Ինչո՞վ եք պատճառաբանում երիտասարդ ամուսինների շրջանում ավելի հաճախակի արձանագրվող ապահարզանները: Ինչն է նպաստել դրանց:
Ապահարզանը' որպես ամուսնության իրավաբանորեն ամրագրվող քայքայում, իր էությամբ ամուսնության անտիթեզն է' նրա ստվերային մասը: Սա նշանակում է, որ ապահարզանի ավելի լավ հասկացման համար անհրաժեշտորեն պետք է մանրամասն վերլուծենք և հասկանանք ամուսնության տարիներին առաջացող խնդիրները: Կարևոր է հասկանալ, որ ապահարզանը «ծնվում և հասունանում» է հենց ամուսնության, թվում է թե լավագույն տարիներին, իսկ բուն ապահարզանի իրավաբանական գրանցման երևույթը երևույթի հասունացման միայն կուլիմինացիոն կետն է:
Ապահարզանների քանակության աճ գրանցվում է բոլոր երկրներում: Ըստ էության դա ոչ միայն մեր երկրի այլև համամարդկային առաջնահերթ խնդիրներից է: Ապահարզանների աճի առաջնահերթ հիմնախնդիրներից է ուրբանիզացման մակարդակը: Մեծ քաղաքը ամուսիններից յուրաքանչյուրին բնակության վայրի, աշխատանքի, մտերիմների և ընկերների ընտրության լայն հնարավորություններ է ընձեռում: Ինչպես նաև թուլանում է հանրության կարծիքի ազդեցությունը ամուսինների վարքի վրա:
Հասարակությունում կնոջ դերի ավելացումը բերում է ամուսնության և ամուսնական զուգընկերոջ հանդեպ կնոջ պահանջների ավելացում: Որքան բարձր է կնոջ կրթության մակարդակը, մասնագիտական որակավորումը, որքան լայն է նրա անձնական և հասարակական շփումների մակարդակը, որքան ավելի անկախ և ինքնուրույն է կինը, այնքան շատ են նրա պահանջները ամուսնությունից: Նույնիսկ մակերեսային սոցիալ-հոգեբանական ուսումնասիրությունը թույլ է տալիս ամուսնալուծության հիմքերում տեսնել նախկին ամուսինների ավելի շատ սուբյեկտիվ պատկերացումները իրողության մասին, քան բուն իրական հանգամանքները: Հարցումներում ամուսնալուծվողներն ավելի հաճախ նշում են հետաքրքրությունների և ընդհանուր հայացքների բացակայությունը, բնավորության անհամապատասխանությունը, սիրո զգացման բացակայությունը, քան ամուսնու հիվանդությունը, երեխա ունենալու անհնարինությունը, կամ էլ վատ կենցաղային պայմանները: