Ինչ խոսք, կառավարման խորհրդարանական ձևը էապես կնպաստի ներկայացուցչական ժողովրդավարության ամրապնդմանը և իրական երաշխիքներ կստեղծի եվրոպական չափանիշներով ժողովրդավարական պետության կառուցման համար: Եվ մեր Սահմանադրության մեջ նախանշված փոփոխությունն այս առումով, միանգամայն ողջունելի է:


Սակայն արդյոք առկա քաղաքական համակարգը իր հիմնական ինստիտուտներով պատրաստ է նման շրջադարձային անցմանը: Ակնհայտ է, որ այստեղ որոշակի խնդիրներ, այդուհանդերձ կան: Դրանց մի մասը անմիջականորեն առնչվում են կուսակցական համակարգի հետ: Նախ նրանց ճնշող մեծամասնությունն որևէ կերպ չի դարձել հասարակության մեծ ու փոքր խմբերի քաղաքական պահանջմունքները բավարարող առանցքային օղակ: Դա է պատճառը, որ տարբեր գնահատականներով ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 7-10 տոկոսն է հարում այս կամ այն կուսակցությանը, որոնց (կուսակցականներ) մեծ մասն էլ ուղղակի նոմինալ անդամների կարգավիճակում են: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ կուսակցությունները մեր հասարակության շրջանում սովորաբար առավել քիչ վստահություն վայելող ինստիտուտներից են, ապա պատկերն առավել ամբողջական կներկայանա: Մյուս կողմից մեր կուսակցությունները կադրերի լավագույն դարբնոցը չեն: Հիշենք, թե քանի նախարար կամ բարձրաստիճան պաշտոնյա են դարձել կուսակցական պաշտոնը ստանձնելուց մեկ օր առաջ և հետո: Սրան զուգահեռ քիչ չեն եղել կուսակցական նախարարներ, ովքեր շատ կարճ են պաշտոնավարել: Այլ կերպ ասած, կադրային կուսակցության մոդելով զարգացող քաղաքական միավորները, գրեթե բացակայում են: Մյուս խնդիրը վերաբերում է այսպես կոչված "գաղափարական" կուսակցությունների սակավությանը: Կարելի է մատնանշել մեծ ու փոքր տասնյակ այլ խնդիրներ նույնպես: Սակայն դրանց թվարկումը և հիմնավորումը ընդամենը կխորացնի այն կարծիքը, որը դոմինանտ է հասարակության մեծ մասի շրջանում:


Սակայն մյուս կողմից բազմաթիվ փորձագետներ այն կարծիքին են, որ խորհրադարանական կառավարման ձևին անցումը ինքնին կնպաստի կուսակցական համակագի զարգացմանն և բազմաթիվ քաղաքական գործիչների համար կուսակցությունները կդառնան քաղաքական կարիերայի իրական հարթակներ և ինչու ոչ' նաև քաղաքական սոցիալիզացիայի հիմնական ինստիտուտներ: Այս առումով ոչինչ չպետք է բացառել, բայց սա վերոնշյալ փոփոխության համատեքստում քննարկվող միայն մի ասպեկտն է, որն իր կարևորությամբ և հասարակական հնչերանգով բնավ երկրորդային չէ:

 

 


Գերասիմ Բարսեղյան