Հարգելի պրն. Աշոտյան, վերջերս հեռուստատեսությամբ և մամուլով տեղեկացա կրթության ոլորտում ձեռնարկվելիք նոր փոփոխությունների մասին: Համաձայն այդ փոփոխություների՝ ՀՀ որոշ մարզերի դպրոցներում պիտի մտցվի նոր առարկա՝ հայ ազգային երգ ու պար: Գնահատման համակարգը ևս պետք է ենթարկվի փոփոխությունների. այսուհետ ուսուցիչները կգնահատեն աշակերտներին կրեդիտային համակարգով: Հիմա այդ ամենի մասին առանձին:


1. Մի քանի տարի առաջ գնահատման համակարգը կրկին փոփոխության ենթարկվեց, և ուսուցիչները նախկինում 2-5 գնահատականների փոխարեն այսօր ստիպված են գնահատել արդեն մինչև 10: Ամենօրյա աշխատանքի ընթացքում՝ հատկապես գրավորներից հետո, ուսուցիչները ստիպված են ժամերով հաշվել աշակերտների գնահատականները, նրանք ամեն բաժնի համար հաշվում են ինչ-որ առանձին գնահատականներ, գումարում, հանում, բազմապատկում, բաժանում, որպեսզի արդյունքում ստանան ինչ-որ գնահատական տվյալ աշակերտի համար: Պատկերացրեք, թե որքան ժամանակ, առողջություն և էներգիա է դա խլում, երբ այդ ուսուցիչները ունեն ստուգելու հարյուրից ավել տետրեր միայն մեկ օրվա ընթացքում, իսկ նրանց ստացած աշխատավարձները ուղղակի նսեմացնող են: Ընդ որում գնահատման այդ համակարգը որևէ շոշափելի արդյունք չի տվել՝ հաշվի առնելով, որ միևնույն է մեծահարուստների և պաշտոնավորների ԱՆԳՐԱԳԵՏ զավակները ի վերջո ստանալու են բարձր գնահատականներ, քանի որ նրանց համար նախապես ասվում է (կամ այլ միջոց է կիրառվում) դպրոցի տնօրեններին, որոնք էլ իրենց հերթին պարտադրում են ուսուցիչներին: Հիմա էլ գնահատման համակարգի սանդղակը 10-ից բարձրացվում է 100-ի: Որևէ իմաստ դրա մեջ գործնականում չկա, արդյունքում միայն ուսուցիչներն էն էլ ավելի շատ չարչարվելու գնահատման ժամանակ:


2. ԽՍՀՄ տարիներին, պետք է ընդունենք, կրթական մակարդակը բավականին բարձր մակարդակի վրա էր: Բնական գիտությունները շեշտադրված էին դպրոցներում: Տարեկան կտրվածքով բազմաթիվ խելացի երեխաներ էին ավարտում դպրոցները՝ լավ հասկանալով և իմանալով բնական գիտություններ՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և այլն: Նույն այդ նախասիրություններով նրանք ընդունվում էին ԲՈւՀ-եր և արդյունքում դառնում հրաշալի մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ, ինժեներներ և այլն՝ հետագայում հսկայական նպաստ բերելով իրենց երկրներին բազմաթիվ բնագավառներում: Իսկ այսօր Ձեր որոշմամբ ազգային երգ ու պարի նոր առարկա է մտցվում: Կա՞ արդյոք դրա կարևորությունը: Մի՞թե չի կարելի նման առարկաները սահմանել որպես արտաժամյա խմբակներ՝ ըստ երեխաների ցանկության՝ հիմնական դասաժամերը հատկացնելով բնական գիտությունների դասաժամերի ավելացմանը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ աշակերտները ամբողջ օրը սովորելու փոխարեն պետք է երգեն, պարեն ու շախմատ խաղան դպրոցներում:


Այսպիսով, նոր կրեդիտային համակարգ, որը էլ ավելի է դժվարեցնում ուսուցիչների կողմից աշակերտների գնահատման ձևը, ազգային երգ ու պարի անհասկանալի ՊԱՐՏԱԴԻՐ դասաժամ դպրոցներում, գերկաշառակեր տնօրեններ, օրեցօր կրթական մակարդակի դեգրադացիա ապրող աշակերտների հսկայական զանգված և այդպես շարունակ: Ու՞ր ենք մենք այսպես հասնելու: Մի՞թե Ձեր պատկերացմամբ ՀՀ ապագա վարչապետները մաթեմատիկա և տնտեսագիտություն իմանալու փոխարեն պիտի լավ յարխուշտա պարել իմանան ու լավ շախմատ խաղան: Մի՞թե լավ քոչարի պարելու չափանիշներն են գլխավոր դերը խաղալու վաղը մեր կարևորագույն նախարարների՝ այդ թվում ԿԳ ապագա նախարարների նշանակման ժամանակ: Կասկածում եմ, որ լավ թամզարա պարողներն են վաղը թեթևացնելու ազգի սոցիալ-տնտեսական բեռը: Ժամանակն է, որ օրինակ վերցնենք առաջադեմ ու զարգացած հասարակություններում կրթական համակարգերից:


Խնդրում եմ բացատրել նոր գնահատման համակարգի ու նոր առակա մտցնելու անհրաժեշտությունը: Ես՝ մանկավարժների ընտանիքի զավակս, ՀՀ քաղաքացիս, այդ ամենի իմաստը բոլորովին չեմ տեսնում:

Շնորհակալություն ...

 

 

Արա Միրզոյան