Վերջին երկու շաբաթների ընթացքում ՀՀ Կառավարությունն ընդունեց մի քանի աննախադեպ որոշումներ, որոնցով հօգուտ պետության վերցվեցին, կամ, ըստ էության, ազգայնացվեցին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը և «Միկա» մարզահամալիրն ու մարզադաշտը:

 


Իհարկե, առաջին հայացքից կարելի է ողջունել այդ որոշումները՝ ի վերջո, պետությունը սկսել է տեր կանգնել գույքին և այն կենտրոնացնել իր ղեկավարման ներքո: Սակայն խնդիրներն ավեի խորքային բնույթ են կրում:
Շուկայական տնտեսության պայմաններում, ուր ամեն ինչ հիմնված է մրցակցության վրա, վաղ թե ուշ իրերի ընթացքը հանգում է նրան, որ մեծ խաղացողները կլանում են փոքրերին, իսկ երբ վերջիններս սպառվում են՝ սկսում են մարտնչել իրար դեմ:

 


Այլ կերպ ասած, Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության օրհասական վիճակը արդեն իսկ կարելի է համարե կայացած փաստ: Սակայն ավելի կարևոր է հասկանալ՝ ինչպես ստացվեց, որ պետությունը գնաց ազգայնացման ուղով:
Իհարկե, դա լավ կյանքից չէր: Այս բոլոր կառույցները պետականացվել են պետության տրամադրած վարկային միջոցները չվերադարձնելու պատճառով, ինչն ամենևին էլ չի նշանակում, որ այդ միջոցները փոշիացվել են: Կարող է լինել նաև այնպես, որ դրանք ներդրվում են այլ երկրներում կամ հենց Հայաստանում՝ այլ ոլորտում:

 


Հավանական է, որ պետությունը հետագայում կրկին փորձի վաճառել այդ օբյեկտները, քանզի, դատելով ամենից, չի այրվում դրանք շահագործելու և պահպանելու ցանկությամբ: Սակայն անկախ գնորդ գտնելուց կամ չգտնելուց, արդեն պարզ է, որ երկրում առկա կապիտալն այլևս չի բավարարում բոլորի ախորժակին: Ու փոքր և միջին ձեռնարկատերերից ձերբազատվելուց հետո աստիճանաբար խոշորները ձգտում են ձերբազատվել իրարից: Ու երկու դեպքում այդ գործընթացը կարծես հաջողվում է:

 


Հենց այդ պատճառներով է, որ ընթացող գործընթացը լիարժեք ազգայնացում համարելն առայժմ բարդ է: Սրանք ընդամենը առանձին սուբյեկտներից ձերբազատվելու ուղղությամբ ձեռնարկվող քայլեր են:
Իսկ իրական ազգայնացումը կլինի այն դեպքում և այն ժամանակ, երբ ազգայնացվեն ռազմավարական նշանակության ձեռնարկություններ:

 

 

 

 

Վազգեն Ղազարյան