Սիրելի Անդրանիկ,
Ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուր սեղանին բերի ինչ որ ունի և կարող է՝ թե վերահաս վտանգը կանխելու և թե բաղձալի հաղթությանը հասնելու համար։
Ես չորս տղա ունեմ, չորսն ել երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքերին՝ ինչի որ ընդունակ կլինեն։ Ես էլ, անշուշտ, սրանցից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ խնայի, միայն թե կարողանանք հետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունները։
Ես անսասան հավատում եմ Քո՝ շատ փոթորիկների մեջ ձեռք բերած փորձառությանը, վառ հայրենասիրությանն ու ազատասիրությանը, բնական մարդասիրությանն ու զինվորական բարձր տաղանդին, և պատրաստ եմ գալու, երբ և ուր կոչի Քո եղբայրական ձայնը։
Համբուրում եմ հերոսական ճակատդ,
միշտ Քո Հովհաննես Թումանյան: