Օգոստոսի 1-ից բարձրացել են էլեկտրաէներգիայի սակագները, սակայն հարցերի քանակն ակնհայտորեն գերազանցում է պատասխանների թվին: Իսկ հարցերն ի հայտ են գալիս այսբերգի ստորին հատվածներն ուսումնասիրելիս, որոնց դերում տվյալ դեպքում հանդես են գալիս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հրապարակված սակագնային հաշվարկները:

 


Հայտնի է, որ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում էլեկտրաէներգիայի գերակշիռ մասն արտադրվում է Հայկական ատոմային էլեկտրակայանում, Երևանի ջերմաէլեկտրակենտրոնում, Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադում, Հրազդանի ՋԷԿ-ում, «Հրազդան-5» ջերմակայանում և «Սևան-Հրազդան» հիդրոէլեկտրակայանների կասկադում: Այս կազմակերպություններից առաջին երեքը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի հաղորդում իրականացնող «Բարձրավոլտ էլեկտրացանցերը» պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Եվ որքան էլ տարօրինակ է՝ դրանցից և ոչ մեկը չի աշխատում շահույթով կամ առկա շահույթը չնչին է: Մինչդեռ ռուսական կազմակերպություններին պատկանող մյուս երեք ձեռնարկությունների սակագնային հաշվարկներում նախատեսված է առավել քան պատկառելի շահույթ, որը կազմում է 10-25 տոկոս՝ կախված հաշվարկման մեթոդաբանությունից:

 


Դե իսկ շահույթային շքերթի թագն ու պսակն է մենաշնորհային հիմունքներով գործող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն: Սույն հիմնարկը խոստովանում է, որ սպառողների 11 տոկոսին իր մատակարարած էլեկտրաէներգիան չի համապատասխանում սահմանված որկական չափորոշիչներին, սակայն դրա հետ մեկտեղ չի զլանում նախատեսել տարեկան 13.6 միլիարդ դրամի շահույթ, որը, կախված հաշվարկման մեթոդից, կազմում է հասույթի 14-24 տոկոսը:
13.6 միլիարդ դրամը նոր սակագնով շուրջ 325 միլիոն կիլովատ ժամի արժեքն է: Դա մոտավորապես 108000 միջին ընտանիքի տարեկան սպառումն է:

 


Մինչդեռ կարելի էր ժամանակին Հայաստանին պատկանող էներգարտադրող ձեռնարկություններն աշխատեցնել թեկուզ ոչ շատ մեծ շահույթով, ինչը թույլ կտար փակել առաջացած ճեղքվածքը առանց սակագների բարձրացման:
Իսկ թե ինչու է հանձնաժողովն այդքան նուրբ վերաբերմունք դրսևորում առ օտարերկրյա կապիտալով կազմակերպություններ՝ թերևս միայն ինքը կիմանա:
Երբ պետությունը չի գիտակցում իր շահերը, դրա համար հատուցում է շարքային քաղաքացին:

 

 

Գոռ Սաղաթելյան