Կատարյալ երկրներ չկան աշխարհում, որտեղ կոռուպցիան ու կաշառակերությունն ի սպառ վերացված են: Այս իսկ պատճառով խնդիրը պետք է դիտարկենք համեմատության մեջ, և խոսենք այդ երևույթի որակական ցուցանիշների ու նրանց ազդեցության մասին՝ երկրի ու հասարակության վրա:
Կարևոր է նաև հասկանալը, թե արդյոք նման երևույթի պարագայում երկրում զարգացում ու առաջընթաց է տեղի ունենո՞ւմ, թե՞ անկում ու հետընթաց:
Խորհրդային միությունում կաշառակերությունը կրում էր համակարգված բնույթ: Բայց, որքան էլ տարօրինակ հնչի, այդ արատավոր երևույթին առանձին դեպքերում հասարակությունը դրական էր վերաբերում:
Օրենքների անկատարության կամ կառավարման անարդյունավետ համակարգի թերությունները կոմպենսացնելու համար այս կամ այն չինովնիկին կաշառելով կարող էիր գործերդ առաջ տանել: Այդ իսկ պատճառով եթե կաշառակերը խղճով թիվ էր վերցնում, ժամանակին ու պատշաճ ձևով խնդրանքը կատարում, ապա նրան համարում էին կարգին մարդ:
Ի դեպ, նույն սովետում թե՛ կաշառք վերցնելու և թե՛ տալու հարցում կային չգրված օրենքներ, ասել է թե՝ «բարոյական» կոդեքս: Չէր կարելի բարձր պաշտոնյանների կաբինետներում փողի անուն տալ՝ քեզ ուղղակի դուրս կվռնդեին: Հարկավոր էր ակնարկել, ասենք. եթե խնդրանքս կատարվի՝ ես ձեր լավության տակից դուրս կգամ, կամ՝ ես իմ շնորհակալությունը կհայտնեմ, կամ՝ ես ձեզ ինչպես հարկն է կնայեմ:
Առանձին դեպքերում ու իրավիճակներում կարելի էր ինչ-որ բան նշել թղթի վրա ու զգուշությամբ ցույց տալ դիմացինին: Իսկ, որպես կանոն, պաշտոնյան քեզ ուղարկում էր իր վստահելի անձի մոտ՝ «լավության» փոխհատուցումը նրա մոտ թողնելու համար: Դուք միան կարող էիք ենթադրել, որ ձեր տված կաշառքը հասել է «հասցեատիրոջը»՝ գործի ընթացքից գլխի ընկնելով: Բայց եթե, Աստված չանի, փորձեիր անհարգալից խոսել պաշտոնյայի կաբինետում, առիթից օգտվելով, որ հետը հարց ես լուծել, քեզ ուղղակի խորհուրդ կտային գնալ նրա մոտ ում հետ հարց ես լուծել, վերցնել տվածը ու հեռանալ: Այսինքն՝ ամեն մեկից կաշառք չէին վերցնի ու ամեն մի պահվածք չէին հանդուրժի: Իսկ այն պաշտոնյան, որը փողի հարցը քննարկում էր իր կաբինետում, առավելևս այն վերցնում տեղում, իսկ որ ամենաանընդունելին էր՝ փողին ձեռք տալիս կամ հաշվում, դրանց անվանում էին «դիշովկա»՝ կոշտ «դ»-ով:
Սովետը չդիմացավ այս արատավոր, բայց որոշակի խաղի կանոններով ու կոդեքսներով կառավարվող կոռուպցիոն համակարգին ու փլուզվեց։
Կաշառակերությունը շարունակեց իր կենսագործունեությունը նաև անկախության տարիներին: Բայց Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին կաշառակերության հարցում տեղի ունեցավ համակարգային փոփոխություն, ես կասեի հեղափոխություն, երբ ամենավերին կաբինետներում սկսեցին բաց տեքստով փողի «բազարներ» անել, կաշառքը վերցնել անձամբ ու այցելուի ներկայությամբ հաշվել: Նման արժեզրկում ազդեցիկ կաբինետների ու չինովնիկական համակարգի այս կարգի բարոյազրկում երբեք չի եղել ոչ միայն մեզ մոտ, այլև աշխարհի որևէ երկրում (բոլոր երկրների փորձին, անշու՛շտ, մանրամասնորեն ծանոթ չեմ, բայց չեմ հավատում, որ երևէ երկրի ղեկավար իր կաբինետում փողի «բազառ» կտանի):
Ժամանակին ամեն մի հանցագործության պարագայում ոչ այնքան մտածում էին պատժի համարժեքության մասին, որքան, որ այն լինի տպավորիչ, որպեսզի դաս լինի նաև մյուսներին: Ասենք. գանձագողին ու կաշառակերին պատժելու համար իր գողացած գումարի քաշի չափով հալացրած արճիճը կոկորդն էին լցնում: Մարդիկ շատ դեպքերում դա անարդար էին համարում. ախր խեղճը մարդ չի սպանել, անբարոյականություն չի արել և հետևաբար՝ ինչո՞ւ այդքան դաժան: Իսկ բացատրությունը մեկն էր. մարդասպանը կարող է անազատության մեջ խորհել իր արարքի շուրջ, զղջալ ու ուղղվել, անբարոյականը նույնպես կարող էր անցյալի արատներից հրաժարվել, իսկ անկուշտ փողամոլն արդեն անբուրժելի հիվանդ է, որի «ծարավը» հնարավոր է հագեցնել միայն հալած արճիճով:
Իհա՛րկե, ես դեմ եմ նման ռադիկալ մոտեցումներին: Ոչ միայն այն պատճառով, որ մահապատիժը մեր երկրում վերացված է, ու ոչ նաև այն, որ նման դաժան ձևը ընդունելի չէ, այլև, եթե մեր բարձրագույն պաշտոնյաների ամեն մեկի գողացածի չափով արճիճ լցնես նրանց բերանները, ապա կծածկվեն ոչ միայն այդ շենքերը, այլև Բաղրամյան պողոտայով արճիճի գետեր կհոսեն: Մենք հո մեր երկրի թշնամի՞ն չենք, որ այս սուղ պայմաններում նման ծախսերի տակ մտնենք ու մայրաքաղաքի ավերված կենտրոնը հետագայում ստիպված լինենք վերականգնել:
Այնպես որ մեր երկրում պետք է շատ լուրջ նախապատրաստվել իշխանափոխությանը: Քանի որ, եթե ասում ենք, որ այս իշխանությունների պաշտոնավարման ամեն օրը մեծ վնասներ է պատճառում երկրին ու ժողովրդին, դրան հակառակ մեր պետության բախտը տնօրինողները զարմանում են, թե ի՞նչ վնաս, երբ ամեն օրը իր օգուտն է բերում՝ փողով լիքը դիպլոմատների տեսքով՝ «Ախր ես ինչպես վեր կենամ-գնամ» ծրագրի շրջանակներում կառչելով աթոռներից:
Ուղղակի պետք է հասկանալ, որ մերօրյա կաշառակերները ոչ մի պարագայում պաշտոնից չեն հեռանա, նրանք անուղղելի են ու պետք է, եթե ոչ իրական, ապա գոնե քաղաքական «արճիճախմություն» կազմակերպել նրանց համար, այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի:
Արմեն Հարությունյան