Երբ այսօր «մեծարանքի» սրտաճմլիկ խոսքեր են ձոնում գեղեցիկ սեռին` «առանձնակի ջերմությամբ, մեծարանքով», աչքիս առաջ են գալիս ասֆալտին «փռված» կին գործիչները, պատգամավորները, որոնք փորձում էին պաշտպանել իրենց ու գործընկերների իրավունքները, հիշում եմ Ավանի թաղապետարանի՝ գիտությանն ու կենդանական աշխարհին անհայտ մարդուկի վիրավորական գրառումը՝ Արփինե Հովհաննիսյանի մասին, դագաղներն եմ հիշում կանանց բակերում, Հրայր Թովմասյանի դստրերին եմ հիշում՝ քննչականի դռների մոտ, Արա Սաղաթելյանի կնոջն եմ հիշում, որին զրկել էին ամուսնուն տեսակցելու իրավունքից, տաղանդավոր Շուշան Պետրոսյանի՝ զինվորներին նվիրված ահավոր հուզիչ երգն եմ հիշում, որը թողած, երգչուհու ոսկորներն էին աղում, Ռիտա Սարգսյանին եմ հիշում, որին նույնիսկ մահից հետո հանգիստ չեն թողնում․․․ Աչքիս առաջ են գալիս իրենց տները վառած կանանց լուսանկարները, որոնք ամեն ինչ թողեցին թշնամուն։ Զոհվածների մայրերի, կանանց աչքերի միջի ցավն է դաջվում հիշողությանս մեջ, որոնց լույսը մարեցիք, զրկեցիք ամենաթանկ շնորհավորանքը լսելու հնարավորությունից։
Այնքան բան կա հիշելու․․․ Շնորհավորելուց առաջ այնպես ապրեք, գործեք ու վարվեք, որ շնորհավորելու բարոյական իրավունք ունենաք։ Դա էլ է պետք վաստակել։