Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն իր հրավիրած ասուլիսում անդրադարձավ Երևանի համար կարևորագույն նշանակություն ունեցող էլէկտրատրանսպորտի խնդրին: Նրա պնդմամբ՝ Երևանում տրասնպորտի զարգացման համար անհրաժեշտ է շահագործել էլեկտրատրանսպորտ:


«Մենք ականատես ենք էլեկտրատրանպորտի մահվանը՝ տրոլեյբուսները վերջին մեքենաներն են, որոնք շուտով չեն լինի: Եվ դրանք վերանում են, քանի որ դա կամային որոշում է, ոչ թե մրցակցության հետևանք», - հայտարարեց Արմեն Պողոսյանը:


Պողոսյանի պնդմամբ, Երևանում տրոլեյբուսների երթուղին միտումնավոր սխալ են նախագծել. «Այն մարդը, որ նախագծել է տրոլեյբուսի երթուղին եւ պարբերականությունը, հանցավոր ձեռք ունի. միայն հանցավոր ձեռքը կարող էր նախագծել, որ տրոլեյբուսը գա Նոր Նորքի զանգվածից և Մերգելյան ինստիտուտում ավարտի ճանապարհը եւ ոչ մի տեղ այդտեղից չտանի: Հատուկ է արված, որ ոչ ոք չնստի, և դրանք ոչնչացնելու հիմնավորում լինի: Տրանսպորտը բիզնեսի հեշտ տեսակ է, որտեղ հեշտ է թաքցնել դրամական միջոցները և եկամուտները: Այստեղ ոչ մի քանակ չի վերահսկվում: Երևանում օրական երթևեկում է շուրջ 600 հազար մարդ, օրական շուրջ 70 հազար դոլարի ավելցուկ բաշխվում է ինչ-որ գրպանների միջեւ»:


Դժվար է չհամաձայնել երկրի թիվ 1 սպառողի հետ: Փաստ է, որ հսկայական էներգետիկ ռեսուրս ու էլեկտրաէներգիայի արտադրության ավելցուկ ունեցող Հայաստանում էլէկտրատրանսպորտը առավել քան նախընտրելի է, հաշվի առնելով նաև սեփական բենզինի կամ դիզելային վառելիքի բացակայությունը:


«Մենք բացառիկ երկիր ենք երկրագնդի վրա: Այդպիսի երկիր չկա, որ մեզ պես էլեկտրաէներգիայի ավելցուկ ունենա: Ավելցուկը կենցաղային լեզվով է ասված, դա կոչվում է չծանրաբեռնված հզորություններ, մեր գեներացնող հզրությունները մեկ երրորդով են զբաղված, իսկ դա օգտագործելու տեղը մետրոն է, էլեկտրտրանսպորտը: Բայց դրա փոխարեն մենք բենզին, սալյարակա և վառելիքի մյուս տեսակներ ենք ներկրում: Սա տնտեսավարման ձև չէ, զավեշտ է», - նշեց Արմեն Պողոսյանը:


Անշուշտ, ակնհայտ է, որ Երևանին էլեկտրատրանսպորտի զարգացումն անհրաժեշտ է: Եվ դա քաղաքային իշխանությունների բացառիկ պարտավորությունն է:


Սակայն այդ ամենը կյանքի կոչելու համար առաջին հերթին անհրաժեշտ է պետական մտածողություն:

 

 

Վազգեն Ղազարյան