Աշնանային վճռական զարգացումներից առաջ իրենց դիրքորոշումները պետք է հստակեցնեն ոչ միայն քաղաքական ուժերը, այլև այդ գործընթացներում լուրջ դերակատարություն ունեցող ազդեցիկ անհատները՝ անկախ նրանից իրենք հանդիսանում են քաղաքական ուժի առաջնորդներ, թե ոչ: Կարծում եմ, Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա ուշագրավ հարցազրույցն այդ շարքին է դասվում, որում արված եզրահանգումները բավական հստակ են, տրված գնահատականները՝ ճշգրիտ:


ՀԱԿ առաջնորդը ճիշտ է նկատել, որ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու համար գլխավոր խոչընդոտը մնացել է ԲՀԿ-ն ու եթե Սերժին չի հաջողվել համոզել (ակնհայտ է, որ չի հաջողվել), ապա այժմ փորձելու է ճնշումներ գործադրել այդ կուսակցության ու նրա առաջնորդի վրա:


Առաջին նախագահի կողմից այս հարցի բարձրացումը խոսում է այն մասին, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի Սերժ Սարգսյանին չհաջողվի քաղաքական դաշտում առանցքային դերակատարություն ունեցող ԲՀԿ-ի վրա ճնշում բանեցնելով՝ թուլացնել նրան: Ասել է թե՝ պետք է գործել «Բոլորը մեկի համար, մեկը՝ բոլորի» սկզբունքով։
Վստահ եմ, որ ԲՀԿ–ի վրա ճնշում գործադրելով ցանկալի որոշում կորզել Սերժ Սարգսյանին չի հաջողվի։ ՀՀԿ ղեկավարը փորձեց ԱԺ վերջին ընտրություններից առաջ ու հետո, նախագահական ընտրություններից առաջ ու հետո։ Արդյուքնները զրոյական են։


Այն, որ ԲՀԿ–ն դիմադրության իմունենտ ունի, ապացուցվել է վերջին տարիներին, բայց քաղաքական ուժերի համախմբված մոտեցմամբ նրա հանդեպ ճնշումները կանխելը չափազանց կարևոր է, և առավել հաճելի է, որ հնչում է առաջին նախագահի շուրթերից, ով առաջիկա քաղաքական զարգացումներում շատ լուրջ ու ակտիվ դերակատարություն ստանձնելու իր պատրաստակամությունը մի անգամ չէ որ հայտնել է:


Տեր-Պետրոսյանը պարզորոշ նշում է, որ սահմանադրական փոփոխությունների առիթով Սարգսյանի վերարտադրությունը պետք է դիտարկել որպես միավորիչ գաղափար՝ նրա վարչակազմի տապալմանն ուղղված պայքարի համար:


Խարդավանքների սիրահար անձանց համար մի ձևակերպում կա. «Յուրայինների մեջ՝ օտար, օտարների մեջ՝ յուրային»: Բայց Սերժ Սարգսյանն արդեն ոչ թե սոսկ սիրահար է, այլ՝ խարդավանքների բացահայտված ջատագով, ինչի պատճառով նա բոլոր տեղերում խաղից դուրս վիճակում է հայտնվել, ու ավելի շուտ յուրայինների համար օտարացել է, իսկ օտարների համար՝ միշտ էլ օտար էր:


Թեպետ վստահ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլի առիթներ կունենա իր տեսակետները հանրության հետ կիսելու ու նաև առաջիկա անելիքները ներկայացնելու, բայց այս հարցազրույցն առավել քան կարևոր է, որ քաղաքական դաշտի ակտիվ խաղացողները վճռական են տրամադրված Սերժ Սարգսյանի վարչակազմի տապալման հարցում և այդ գործընթացի ստարտը տրվելու է հնարավորինս շուտ՝ հենց այս աշնանը:

 

 


Արմեն Հարությունյան