Ներկայումս շատ է խոսվում Գերմանիայում թիվ 1 թեմա դարձած լրտեսական սկանդալների, ձերբակալությունների և Գերմանիայի կողմից անվտանգության միջոցառումների ուժեղացման մասին: Ըստ գերմանական լրատվամիջոցների, Գերմանիայի Ներքին գործերի նախարարությունը ձեռնարկել է համալիր միջոցառումներ խոշոր նախարարություններում կիրառվող համակարգչային ցանցերի և տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգությունը և հակալրտեսական գործողությունները ուժեղացնելու նպատակով:


Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել մշտադիտարկում այն պետությունների դեսպանությունների և հյուպատոսարանների նկատմամբ, որոնք պաշտոնապես շարունակում են համարվել բարեկամ երկրներ: Բացվի այդ, ծրագրվում է էապես ավելացնել գերմանական հետախուզության ծառայության բյուջեն:


Պետության կողմից գործադրվող ջանքերին աջակցում են նաև շարքային գերմանացիները: Քաջ գիտակցելով, որ համակարգչային տեխնոլոգիաներով հաղորդվող տեղեկատվության անվտանգության ապահովումը գործնականում խիստ բարդ է, նրանք վերադարձել են, կարելի է ասել, տեղեկատվության պահպանման մոռացված մեթոդին՝ գրամեքենայի օգտագործմանը: Գերմանական լրատվամիջոցների պնդմամբ, իրենց վաճառքները շեշտակիորեն բարելավել են գրամեքենաների գերմանական արտադրող ֆիրմաները:


2013թ. ընթացքում Գերմանիայում վաճառվել է ավելի քան 30 հազար գրամեքենա: Պատահական չէ, որ գրամեքենաների գովազդային տեսահոլովակում նշվում է. «Պաշտպանված է գաղտնալսումներից: Պաշտպանված է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունից» վերտառությունը, ինչը, անշուշտ, գայթակղիչ է գնորդների համար:
Բնական է, որ առաջացած սկանդալի պայմաններում մարդիկ և կազմակերպությունները պիտի փնտրեին անվտանգ լուծումներ, և օգնության հասավ գրամեքենան:


Ինչպես ասում են՝ ցանկացած նոր բան լավ մոռացված հինն է…
 

 

 

Գուրգեն Վարոսյան