Ասում են՝ նորը լավ մոռացված հինն է. մեր "նոր" կառավարությունը, փաստորեն, այդ շատ լավ մոռացված հինն էր: Բայց, հատկանշական է, որ այդպիսի "նորը" միշտ ինչ-որ նյուանսներով տարբերվում է հնից, որպեսզի կարողանա ժամանակի, նոր իրականության նկատմամբ համադրելի արժեք լինել, սակայն, այս պարագայում այդ կենսական կարևորության նյունսները, վախենամ, բացակայում են: Էլիտայի նման վարքաբանությունը բացատրվում է նրանով, որ լեգիտիմության, տնտեսական, բաշխման, և նույնականացման ճգնաժամերը զրկել են ռեժիմին իշխանության իրականացման ճկուն, հասարակական-կողմնորոշված մեխանիզմներից, և այդ իշխանության իրականացումը պտտվում է իշխանական բուրգի ամրացման, որը պատճառ է հասարակությունից եկող լեգիտիմության կորստի: Սրա պատճառը խորքային չէ, քանի որ լեգիտիմությունը քաղաքական հարաբերությունների երկարակեցության հիմքն է, ապա դրա բացը պետք է լրացվի այլ մեթոդներով, և իշխանությունը, չունենալով հասարակական վստահությունը շահելու համար բավարար ծրագրային, կամային և ինտելեկտուալ պոտենցիալ, այն փոխարինում է փակվելով և իր ներսում վստահության ամրացման քայլերով (ներքին լեգիտիմություն): Ու որքան խորանում է ճգնաժամը, այնքան նման ռեժիմները, որոնք ունեն օլիգարխիական և դիկտոկրատական ավտորիտարիզմի հատկանիշներ, ավելի են շեղվում հանրային շահին ուղղված սեփական գործառույթներից, իրենց ավելի են հեռացնում սոցիալական խնդիրներից և ապավինում սեփական ռեսուրսներին, քանի որ քաղաքական էլիտան հստակ պատկերացնում է, որ այդ խնդիրների մեջ ներքաշվելը կբացահայտի դրանց նկատմամբ իրենց անադեկվատությունը, անպատրաստ լինելը, ավելին՝ նրանք նաև վախենում են սխալվել, քանի որ լեգիտիմության խնդիր ունեցող իշխանությանը դա չի ներվում: Սա ստեղծված իրավիճակի կառուցվածքային-ֆունկցիոնալ կողմն է, բայց առկա է մեկ այլ՝ ավելի վտանգավոր ասպեկտ՝ միֆոլոգիական կամ գաղափարա-քաղաքական, երբ վերը նշված գործողությունները կամ անգործություններն ուղեկցվում են սեփական ուժի անթաքույց արտահայտմամբ, դրա մասին պարբերական հիշատակություններով, որը յուրօրինակ պատասխան է ներքևից եկող դժգոհության իմպուլսներին, ինչպիսիք են, օրինակ՝ նախագահ կնքելու "պարտադիր արարողակարգի" մասին վկայակոչումը, քաղաքական համակարգում մեկ կուսակցության ողնաշարային դերակատարման մասին հայտարարությունը և այլն: Հենց սա էլ կերտում է այդ միֆը՝ Pax Republicana-ն, այսինքն՝ Հանրապետականի դարաշրջանը: Իսկ դա դեֆեկտիվ, ինքնակործան մոտեցում է:
Արման Սահակյան