Ինքնաթիռի թռիչքին դեռ մի քանի ժամ կար; Հարկավոր էր հրաժեշտ տալ ընկերներին; Տաքսին կանգնեց Եռաբլուրի մոտքի մոտ: Վարորդին խնդրեց սպասել իրեն, որքան էլ, որ ուշանա: Դիմացի մայթի կրպակից ծաղիկներ վերցրեց ու բարձրացավ:
Ահա նրանք: Հերթով բարևեց, համբուրեց նկարները, ծխախոտ վառեց ու տեղավորվեց Գագիկի կողքին, որտեղից բոլորին էլ լավ էր տեսնում:
- Հա, գնում եմ,- հայացքը փախցրեց նրանց նկարներից , գլուխը կախ, խուլ ձայնով շարունակեց,- Չէ, տղերք, գնում եմ; Գագ, էդպես մի նայիր: Չէ, չեմ փախչում, ուղղակի գնում եմ; ԵՎ գիտեք՝ երբ կվերադառնամ;
Լռեց: Արցունքները խեղդում էին կոկորդը:
- էլ ուժ չունեմ մնալու: Ռուզանն էլ մահացավ: Գոնե մի զավակ պարգևած լիներ; Չէ, չեմ դիմանում, գնում եմ: Իսկ մնամ , ի՞նչ անեմ, գնամ միանամ «դեմ» բղավող ջահելների՞ն, գնամ, միանամ գազի ու ջրի վարձի դեմ բողոքողների՞ն, թե՞ Զվարթնոցում ու Գառնիում տռճիկ տվողներին քննադատողներին;
Չէ, դա իմը չէ: Առայժմ գնամ Մոսկվա, ծանոթներիցս մեկը կանչում է: Հա , Գագ, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա եմ գնում, ռուսի երկիրն եմ գնում: Հիշու՞մ ես, խրամատում նստած էինք, էդ գիշեր ազերին էլ լռում էր; Խաղաղ գիշեր էր; Համոն սկսեց արտասանել « Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին»: Զարմացած լսում էի, չգիտեի՝ ով է գրել, ովքե՞ր էին այդ վայրի արջի ցեղերը: Ասացիր, որ Վահան Տերյանն է գրել, վայրի արջի ցեղերն էլ ռուսներն են, որ ռուսներին էլ թուրքից քիչ ես տարբերում, նրանք էլ, ջան ու ղուրբանով, սպիտակ եղեռն են արել հայերի գլխին: Այ, հիմա էլ ազերիների հետ միացած «կոլցո» օպերացիա են մեր դեմ անում: հենց այդ ռուսների մոտ եմ գնում, ուրիշ ճամփա առայժմ չունեմ, հետո կտեսնեմ:
Նորից լռեց, չէ Գագոն իրեն չի ներում:
- Աբո, ասա, դու միշտ էլ ինձ լավ ես հասկացել: Դու՞ էլ լռում ես: Լռու՜մ ես: Դե լավ, գոնե ասա, թէ վերջին պահին ի՛նչ էիր ուզում, որ քէզ խոստանայի: Տնաշեն, ասացիր՝ խոստացիր ու հավետ փակեցիր աչքէրդ, սառեցիր իմ ու Հասմիկի թևերի վրա: Այդ ի՞նչ պետք է խոստանայի քէզ: Միշտ էլ այցելել եմ ընտանիքիդ, օգնել ուժերիս ներածին չափով: Բայց չէ, ուզածդ այդ չէր, այդպես էլ չիմացա, թէ ինչ էիր ուզում, որ խոստանայի:
երկու օր առաջ գնացի, արծվաշենցի Պետրոսյան Հայկին տեսա: Անմարդկային պայմաններում էր ապրում, ինքն էլ՝ կիսամարդ, բայց երկու ղոչ տղա ուներ, թող Աստծո աչքը վրաները լինի: Սիրտս բարակել է, էլ չի դիմանում, հազիվ մի կերպ հրաժեշտ տվեցի ու փախա:
Գագ, խոսիր, ասա, ասա մտքինդ: Գիտեմ, էլի Հասմիկից ես հարցնելու, էլի ասելու ես, որ հիմա երեխաներ կունենայի ու ոչ մի մոսկվաներ էլ չէի փախչի: Էհ, Գագ, Հա, Հասմիկը աշխարհի ամենալավ կինն էր, բայց ինչպես կարող էի Ռուզանին թողնել, լքել իր հիվանդության ու մենակության հետ: Առանց այդ էլ՝ քաշխարհում ինձանից բացի ոչ ոքի չուներ:: Իսկ Հասմի՜կը; Հասմիկը իմ անկատար երազանքն է, նա միշտ էլ, ամեն պահի ինձ հետ է եղել:
Աչքի առաջ Հասմիկը եկավէ թաց մազերով, թաց հագուստով: Առաջին անգամ այդպիսին էր տեսել նրան, երբ աղջիկը գետից շալակած հանում էր վիրավոր Արտակին: Հետո Հասմիկի ծիծաղը հիշեց: Ինչպե՜ս էր ծիծաղում, երբ ինքը փորձում էր Արցախի բարբառով ինչ-որ բան ասել: Սպիտակ, առողջ, մանրիկ ատամներ ուներ, որոնք ծիծաղելիս փայլում էիրն ադամանդի հատիկների նման, իրեն խելքահան անում; Իսկ ձա՜յնը, թավշյա ձայնը: Լավ է, Արտակը չի մոռանում իր փրկարարին, հաճախ մոր ու կնոջ հետ Լաչին է գնում՝ նրան այցելության, իրեն էլ լուրեր է բերում, հետն էլ հանդիմանանքով շեշտում, որ Հասմիկը դեռ սպասում է ինձ:
Մի երկար հայացքով նորից ողջագուրվեց բոլորի նկարներին ու թափ տալով վրայի թղթի մանր կտորները, վեր կացավ: Բայց զարմացավ՝ այս թղթի կտորնե՞րը որտեղից հայտնվեցին իր: Կռացավ, վերցրեց մեկ-երկուսը ու քար կտրեց; Ինքնաթիռի տոմսի կտորներն էին, որ մտքերով տարված, աննկատ մանրել, լցրել էր ծնկներին:
Նորից նայեց ընկերների նկարներին ու ձեռքը կտրուկ թափ տվեց.
-ՈՒրեմն այդպես էր պետք:
Տաքսու վարորդը սպասումից ձանձրացած՝ քնել էր: Վեր թռավ, մեղավոր ժպտաց.
-Քնել էի: Գնացի՞նք:
-Ոչ:- ձեռքը դրեց ղեկին,- սպասիր:
Վարորդը հարցական նայեց:
- Կարո՞ղ ես հենց հիմա ինձ Լաչին հասցնել:
- Կարող եմ, բայց զանգեմ օֆիս ու ընտանիքիս, տեղյակ պահեմ:
-Զանգիր:
- իսկ տանել-բերելու՞ եմ, թե՞...
- Չէ,- պատասխանեց անշտապ,- ինձ կհասցնես տեղ, դու հետ կգաս; հասմիկի մոտ եմ գնում:
Մելանյա Պետրոսյանց