2009թ. հունվարից ընթանում են խաղարկությունները ՀԴՄ կտրոններով: Դրանց հետ կապված պարբերաբար ծագել են տարբեր տարաձայնություններ և բողոքներ: Վերջին ժամանակահատվածում սկսվեց նոր, ժամանակակակից ՀԴՄ-ների ներդրման գործընթացը, ինչը հարուցեց մեծ թվով դժգոհություններ, սակայն դա այլ անդրադարձի խնդիր է:
Այսօր բացահայտվեց մի հետաքրքիր հանգամանք՝ նոր տիպի ՀԴՄ-ների կտրոններով շահելու կամ չշահելու հանգամանքը որոշվում է հենց գործարքի պահին: Կտրոնի ստորին հատվածում նշված են «Դուք շահել եք» կամ «Կտրոնը չի շահել» բառերը:
Գուցեև սա արված է գնորդի գործը հեշտացնելու նպատակով՝ հեռուստախաղարկության արդյունքների համաձայն շահած թվերի հետ կտրոնների հերթական համարները համեմատելու անհրաժեշտության վերացման միջոցով: Սակայն չի կարելի բացառել, որ այս երևույթը կարող է դառնալ չարաշահումների միջոց: Մասնավորապես, գանձապահները համապատասխան կտրոնը տպելիս կարող են նկատել, թե արդյո՞ք կտրոնը շահող է, թե ոչ, և շահող լինելու դեպքում այն յուրացնել՝ արագորեն տպելով և գնորդին հրամցնելով մեկ այլ կտրոն: Ընդ որում, եթե խանությների դեպքում դա մի փոքր բարդ է և կախված գանձապահի ռեակցիայից և արագությունից, ապա սպասարկման և հասարակական սննդի օբյեկտների պարագայում դա որևէ դժվարություն չի ներկայացնում:
Այս տեսակետից, հավանաբար, պետությունը գտել է ոչ ամենաարդյունավետ լուծումը: Ու վստահաբար, այն կարիք ունի վերանայման:
Իսկ մինչ այդ՝ չեք շահում դուք, շահում է պետությունը:
Վազգեն Ղազարյան